Բաժին. Տնտեսական

Ամեն ինչ ՏՏ-ի, դիզայնի, մարկետինգի մասին.«Renderforest»-ը Երևանում անցկացնում է սեմինար

Տեղեկատվական տեխնոլոգիաների, մարքեթինգի, դիզայնի առաջատար մասնագետները մեկ տեղում. «Renderforest» ընկերությունը Երևանում անցկացնում է «ReInvent» միջոցառումը: Այն ներառում է բազմազան սեմինարներ ու քննարկումներ թվային մարքեթինգի, ծրագրավորման և դիզայնի մասին։ Թեմաները բազմազան են՝ արհեստական բանականությունից մինչև մեքենայացում, թվային մարքեթինգ, անիմացիոն դիզայն, ամեն ինչ կապված ՏՏ-ի հետ։ «Renderforest» ընկերության տնօրեն Նարեկ Սաֆարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ որոշեցին ստեղծել մի հարթակ, որը կմոտիվացնի, կոգեշնչի մարդկանց, կծանոթացնի, կսովորեցնի դարի նոր մասնագիտությունները, որոնց հիմքում տեղեկատվական տեխնոլոգիաներն են, թվային մարկետինգը, դիզայնը:

«Նախորդ տարվա տվյալներով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կա 2 հազարից ավելի թափուր աշխատատեղեր: Ընկերությունները, այդ թվում մենք, ունենք կադրերի համալրման խնդիր: Նպատակ ունենք ոգևորել մարդկանց, որպեսզի մտնեն այս ոլորտ: Որոշեցինք այս միջոցառումն անցկացնել, և մտադիր ենք ամեն տարի կազմակերպել, որ նոր սերնդին մոտիվացնենք՝ ստեղծեն ստարտափ, մտնեն ՏՏ ոլորտ, քանի որ սա է ապագան և այն շատ պահանջված է»,-ասաց Նարեկ Սաֆարյանը:

Միջոցառումն անցկացվում է երեք դահլիճներում, որտեղ ելույթ են ունենում ՏՏ,  մարքեթինգի, դիզայնի ոլորտի առաջատար մասնագետները: Մասնակցում է 600 հոգի, նրանք և՛ սկսնակներ են, և՛ ոլորտներում որոշակի փորձ ունեցողներ: Կան նախատեսված ելույթներ, որոնք խորը մասնագիտական են, կան, որ հիմնական տեղեկատվություն են պահանջում: Այսինքն՝ ոլորտներով հետաքրքրված յուրաքանչյուր անձ կարող է գտնել իրեն հարմար հարթակը: Նարեկ Սաֆարյանն իր ելույթում ներկայացրեց սեփական փորձը, սեփական հաջողությունը:

«Ես ցանկանում եմ մոտիվացնել երիտասարդներին, ուզում եմ ցույց տալ, որ այստեղ մեծ հնարավորություններ, աշխատատեղեր կան: Մենք այսօր մասնագետ գտնելու խնդիր ունենք: Ուսումնական հաստատություններն այդ հարցում աշխատելու տեղ ունեն: Ճիշտ է տեղեկատվական տեխնոլոգիաների մասով շատ զարգանում է ոլորտը, սակայն, օրինակ, մենք ունենք շարժողական գրաֆիկայի մասնագետի կարիք, սակայն պետական ոչ մի բուհ չի տալիս այդ մասնագիտությունը: Եվ դա է պատճառը, որ մենք սկսում ենք կրթական ծրագրեր: Ես ինքնակրթվելով եմ սովորել, լավ կլինեն, որ այլ երիտասարդներ ևս նաև այս ճանապարհով փորձեն մտնել շուկա»,-ասաց Նարեկ Սաֆարյանը՝ նկատելով, որ երիտասարդների շրջանում ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա:

Միջոցառման գործընկեր, համակազմակերպիչ skill.am-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը նշեց, որ ոլորտն ավելի ճանաչելի դարձնելու խնդիր ունեն, ցույց տալ, որ այստեղ կան մեծ հնարավորություններ:

«Տարիներ շարունակ խոսվում է, որ Հայաստանում աշխատատեղ չկա, բայց այսօր կարող ենք ասել, որ մեր երկրում գործ շատ կա, մանավանդ տեղեկատվական տեխնոլոգիաների, մարկետինգի, դիզայնի ոլորտում: Այսօր մեր հայկական ընկերությունները գործում են միջազգային շուկայում և մրցակցում են դրսում ուժեղ, խոշոր ընկերությունների հետ: Այս միջոցառման իմաստն այն է, որ մարդկանց ուշադրությունը հրավիրենք նշածս ոլորտների վրա, ու ասել, որ այստեղ կա շատ աշխատատեղ, պարզապես պետք է մի փոքր հմտությունները զարգացնել»,-ասաց Սերգեյ Ուսնունցը: Նա նկատեց, որ վերջին շրջանում երիտասարդների շրջանում նկատվում է հետաքրքրություն դեպի նշված ոլորտները: Սերգեյ Ուսնունցի խոսքով, լա կլիներ, որ ուսումնական հաստատությունները հասցնեն նոր մասնագիտությունների գծով:

Թվային մարկետինգի մասնագետ Անահիտ Մկրտչյանը հաճախ է մասնակցում նման միջոցառումների, որոնք բավական օգտակար են լինում մասնագիտական աճի համար:

«Ես շատ եմ կարևորում նման սեմինարներն ու միջոցառումները, որոնք հնարավորություն են տալիս ինքնակրթվել, կիսվել փորձով, նորարարություններին ծանոթանալ: Ինչու նոր կապեր հաստատել: Շատ գնահատելի է, որ երիտասարդ մասնագետներին նման հնարավորություններ է տրվում»,-ասաց Անահիտ Մկրտչյանը:

«Renderforest»-ը առցանց վիդեոարտադրության հարթակ է եղել, այժմ առցացն դիզայն հարթակ է: Այն թույլ է տալիս ինքնասպասարկման եղանակով անիմացիաներ, լոգոներ, այժմ՝ նաև վեբ կայքեր ստեղծել: Ընկերությունը հիմնադրվել է 2013 թվականին Երևանում, երբ մի քանի հոգուց բաղկացած փոքրիկ թիմը, ցանկանալով հեղափոխել առցանց վիդեոպատրաստման ոլորտը, դրեց նոր փոփոխության հիմքերը։ Այն ուներ աճի մեծ ներուժ, և շուտով ընկերությունը սկսեց ծաղկում ապրել: Այդ օրվանից հարթակի օգնությամբ միլիոնավոր հոլովակներ են պատրաստվել: Ներկայում Renderforest-ն աշխարհի ամենախոշոր վիդեո ստեղծող հարթակն է. այդտեղ օրական 30 հազար վիդեո է տեղադրվում: Հարթակի որակական չափանիշներին վստահել են առաջատար գլոբալ կազմակերպություններ, ինչպիսիք են General Electric-ը, Vodafone-ը, Ericsson-ը և այլն։

Share