Բաժին. Տնտեսական

Հայկական գինիներն ընդլայնում են արտահանման աշխարհագրությունը

Հայաստանի գինեգործական վարկանիշի բարձրացման և հայկական գինիների արտահանման աշխարհագրության ընդլայնման նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը նախաձեռնել և իրականացնում է մի շարք միջոցառումներ Կանադայի Քվեբեկ և Օնտարիո նահանգներում։

Մասնավորապես, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը Մոնրեալ քաղաքում անց է կացվում “La Grande Degustation de Montreal 2019” գինու և ոգելից խմիչքների ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին Հիմնադրամը միասնական տաղավարով կներկայացնի 9 գինեգործական ընկերության 32 տեսակի գինի։ Գինու և ոգելից խմիչքների այս հեղինակավոր ցուցահանդեսին յուրաքանչյուր տարի մասնակցում է շուրջ 200 արտադրող ամբողջ աշխարհից, իսկ այցելուների թիվը գերազանցում է 13000-ը։

Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է ներկայացնելու Հայաստանի գինեգործության պատմությունն ու բացառիկ գինիները գինու հազարավոր սիրահարներին, մասնագետներին և գնորդներին։

Նոյեմբերի 4-ին, Հիմնադրամի և Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանի նախաձեռնությամբ, մայրաքաղաք Օտտավայում` ՀՀ դեսպանատանը, կկազմակերպվի հայկական գինիների շնորհանդես-համտես` տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների համար:

Միջոցառման հյուրերին Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը կներկայացնի Հայաստանի գինեգործության առանձնահատկություններն ու մշակույթը, առկա ներուժն ու զարգացման հեռանկարները:

Նոյեմբերի 6-ին Տորոնտո քաղաքում նեղ մասնագիտական լսարանի համար հայկական գինիների ևս մեկ շնորհանդես-համտես կանցկացնի գինու առաջատար լրագրող և վարպետ (Master of Sommelier) Ջոն Շաբոն, ինչը հնարավորություն կնձեռի Կանադայի գինու գնորդներին ծանոթանալու Հայաստանի լավագույն գինիներին։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) ստեղծվել է 2016 թ ՀՀ Կառավարության կողմից և նպատակ ունի խաղողագործության և գինեգործության ոլորտում ներդնել պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն՝ միտված միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը:

Share