Բաժին. Տնտեսական

Տիգրան Խաչատրյան. Պետությունը 530 մլն դրամ կուղղի արդյունաբերական ոլորտի փոքր ձեռնարկությունների աջակցությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է հաջորդ տարվա բյուջեից 530 մլն դրամ հատկացնել արդյունաբերական ոլորտում գործող ձեռնարկությունների աջակցության նպատակներին։ Բյուջեով նախատեսվել են աջակցության ծրագրեր նաև փոքր ու միջին բիզնեսի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Բյուջեով նախատեսվում է 530 մլն դրամ ուղղել արդյունաբերական ոլորտում գործող կազմակերպությունների աջակցության նպատակներին։ Արտերկրում լինում են ցուցահանդեսներ, և այն հայկական արտադրողները, ովքեր կորոշեն մասնակցել, մենք կհամաֆինանսավորենք ծախսերը»,-ասաց Խաչատրյանն ու նշեց՝ դրանք հիմնականում տեքստիլի, սննդի, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արդյունաբերական փոքր ձեռնարկություններ են:

Զբոսաշրջության  2020-ի ծրագրերն ուղղված կլինեն զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակներին՝ առավելապես ճանապարհներին: Պետության կողմից իրականացված հարցումները ցույց են տալիս, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը հիմնականում դժգոհում են հետաքրքրիր զբոսաշրջային վայրերի ճանապարհային հասանելիության խնդրից:

Փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը ցուցաբերվում է երկու ուղղությամբ, առաջինով աջակցում են սկսնակներին՝ մինչև բիզնես սկսելը: Տարեկան մոտ 200 շահառու է ընտրվում հիմնականում մարզերից: Այդ նպատակի համար հատկացվում է 1.8 մլրդ դրամ: Նախարարը նշեց՝ չեն սահմանափակվել միայն դրանով: «Այս տարվա պետական բյուջեով նախատեսված է ևս 180 մլն դրամ ֆինանսավորում: Կհայտարարվեն մրցույթներ, մարզերում բիզնես սկսել ցանկացողների գիտելիքները կավելացվեն»,-ասաց նախարարը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար 2020-ի ներկայացված բյուջեն կազմում է 33.1 մլրդ դրամ: Դրանից գյուղատնտեսական ծրագրերի մասը մոտ 18 մլրդ դրամ է:

Share