Բաժին. Տնտեսական

ԵՆԲ-ից ներգրավվող 2.4 մլն եվրոյի դրամաշնորհով Հայաստանի ճանապարհների անվտանգությունը կբարելավվի

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի» նախագծի կնքմանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ խոսքը 2,4 մլն եվրոյի դրամաշնորհային ծրագրի մասին է, որի նպատակը պետք է լինի ՀՀ-ում լայնածավալ ճանապարհաշինությանը զուգահեռ անվտանգության ապահովման խնդիրը, հատկապես Մ-6  ճանապարհի (Վանաձոր-Ալավերդի, հայ-վրացական սահման) հատվածում և դեպի հարավ ճանապարհների մասով:

«Մեզ համար էական թիրախ է նվազեցնել վթարայնությունը և վթարների հետևանքով ծանր դեպքերի տեսակարար կշիռը: Նախ պետք է վեր հանվեն այն հատվածները, որտեղ ավելի մեծ վթարայնություն կա: Պետք է կազմվեն նոր կառուցվածքային նախագծեր, միգուցե նաև քարաթափումներին դա կվերաբերի, մասնավորապես, շրջադարձերի վրա եւ այլն», – ասաց Վաչե Տերտերյանը:

Ըստ հիմնավորման, Հայաստանում ճանապարհային անվտանգությունը բարելավելու համար առկա է հստակ ու բարձր մակարդակի քաղաքական աջակցություն՝ ճանապարհային անվտանգության եվրոպական չափանիշներին հասնելու ձգտումով։

Մահվան ելքով ճանապարհային պատահարների ցուցանիշն է մոտավորապես 18 այդպիսի պատահար յուրաքանչյուր 100 000 բնակչի հաշվով (2013), որը երեք անգամ բարձր է ԵՄ միջին ցուցանիշից, այն է՝ 5 այդպիսի պատահար յուրաքանչյուր 100 000 բնակչի հաշվով (2015)։

Հայաստանի միջպետական, հանրապետական եւ տեղական նշանակության ճանապարհների մեծ մասի անվտանգության կառավարումը և չափանիշները դեռևս բարելավման կարիք ունեն, քանի որ դրանք ցածր են գնահատվում միջազգային չափանիշներով և շարունակում են է՛լ ավելի վատթարանալ։

Հաշվի առնելով պատահարների սոցիալական ու տնտեսական ծանր հետեւանքները՝ կառավարությունը մշակել է Համաշխարհային բանկի (ՀԲ) աջակցությամբ խնդիրը լուծելու ռազմավարություն։ Կառավարությունը 2009 թվականի օգոստոսին ընդունել է Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային անվտանգության ազգային առաջին ռազմավարությունը եւ հինգ տարվա գործողությունների ծրագիրը (այսուհետ՝ Գործողությունների ծրագիր)՝ մահվան ելքով ճանապարհային պատահարների թիվը 5 տարվա ընթացքում 10 տոկոսով նվազեցնելու նպատակով։

Դրամաշնորհի միջոցներն ուղղվելու են՝ Մ-2 (Երևան-Մեղրի), Մ-4 (Երևան-Իջևան), Մ-5 (Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման), Մ-12 (Գորիս-Արցախ), Մ-17 (Կապան-Ծավ-Մ2), Հ-8 (Երևան-Արտաշատ Այգեվան) ավտոճանապարհների վրա արդեն ընտրված թվով 24, ինչպես նաև ծրագրի ընթացքում հայտնաբերվելիք լրացուցիչ վտանգավոր կետերի բարելավմանը, Հայաստանի միջպետական և հանրապետական ավտոճանապարհների ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացմանը՝ այլ վտանգավոր կետերի հայտնաբերման, գնահատման և ներդրումների առաջնահերթության սահմանման նպատակով, վտանգավոր կետերի բարելավման աշխատանքների տեխնիկական հսկողությանը, Ճանապարհային անվտանգության իրազեկման ու ուսուցմանը, Ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստմանը, Ճանապարհների նախագծման՝ Հայաստանում գործող ստանդարտների վերանայմանը՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրոպական Միության և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։

Ծրագրից հիմնական ակնկալիքներն են՝ առնվազն 30 վտանգավոր կետերի բարելավում, մահվան ելքով ճանապարհային վթարների նվազում 20 տոկոսով, Ճանապարհային անվտանգության առնվազն 40 աուդիտորների ուսուցում և հավաստագրում:

Share