«Միջին Արեւելքի երկու հարեւան գերտերություն՝ Իրանը եւ Թուրքիան, թեեւ դիվանագիտական լեզվով միմյանց բարեկամ ու եղբայր են համարում, սակայն իրականում թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական ոլորտներում մրցակիցներ են: Քաղաքական ասպարեզում ոչ միայն ջանք չեն խնայում իրենց ազդեցությունը մեծացնելու տարածաշրջանի երկրներում, այլեւ հաճախ այդ երկրների տեսակետները տարածաշրջանային հարցերում հակասական են:
Ինչ վերաբերում է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) հիմնադիր անդամ նշյալ երկրների տնտեսական փոխհարաբերություններին, ապա հարկ է նշել, որ 2000 թ., երբ դեռ չէր շահագործվել Իրան-Թուրքիա գազատարը, դրանց ծավալն ընդամենը մեկ միլիարդ դոլար էր: 2001 թ. այն գործարկվեց, եւ 8 տարի հետո այդ թիվը հասավ մինչեւ 10 միլիարդ դոլարի: Իսկ 2012 թ., երբ ԱՄՆ, ԵՄ եւ ՄԱԿ-ի սահմանափակումներն Իրանի դեմ իրենց գագաթնակետին էին հասել, Թեհրան-Անկարա փոխհարաբերությունների ծավալն ավելի քան 20 միլիարդ դոլար էր, ինչը, թերեւս, ԱՄՆ-ից Իրանի հետ տնտեսական փոխհարաբերություններում որոշակի արտոնություն կորզելն էր, եւ դրա շնորհիվ զգալիորեն աճել էր Իրան ներկրվող ապրանքների ծավալը: Դա, փաստորեն, Թեհրան-Անկարա առեւտրատնտեսական հարաբերությունների բարձրակետն էր, որից հետո անկում է արձանագրվել:
Ընթացիկ տարվա 7 ամիսների կտրվածքով դրանց ծավալը նախորդ տարվա համեմատ 33 տոկոս անկում է արձանագրել, եւ, փորձագետների կարծիքով, մինչեւ տարեվերջ անկումը մեծ հավանականությամբ 1/4 կկազմի: Հաշվի առնելով, որ Թուրքիան շուրջ 35 տոկոսով ավելացրել է Բաքվից ներմուծվող գազը, կարելի է նշել, թե հենց «փոքր եղբայր» Ադրբեջանի գազի հաշվին է Իրանից պակաս գազ գնում, երբ դրա դեմ սահմանափակում չի դրվել»: