Բաժին. Տնտեսական

Արմսվիսբանկ. Տավուշի Սևքար համայնքի միջնակարգ դպրոցին հարող տարածքում այգու հիմնման աշխատանքներ են իրականացվել

Արմսվիսբանկի կողմից Տավուշի Սևքար համայնքի միջնակարգ դպրոցին հարող տարածքում այգու հիմնման աշխատանքներ են իրականացվել:

Ինչպես հայտնել են բանկում, Արմսվիսբանկի հովանավորությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ 16.11.2019թ-ին Արմսվիսբանկի աշխատակիցներն իրականացրել են Տավուշի Սևքար համայնքի միջնակարգ դպրոցին հարող շուրջ 6,500քմ տարածքում մրգատու ծառերի՝ մասնավորապես արքայանարնջի, խնձորի, թզի, ընկույզի շուրջ 550 ծառերի տնկման աշխատանքներ: Մարզպետարանի առաջարկով ընտրվել են տվյալ շրջանի բնակլիմայական պայմաններին համապատասխան մրգատու ծառատեսակներ:

Բացի ծառատունկից, նաև կատարվել են այգու հիմնման նպատակով անհրաժեշտ նյութերի ձեռք բերման և տարածքի պարսպապատման, մաքրման, բարեկարգման, ինչպես նաև ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ, որոնց ամբողջական ֆինանսավորումն իրականացվել է Արմսվիսբանկի կողմից: Այգու հիմնման աշխատանքներին, բացի Բանկի աշխատակիցներից, ակտիվ մասնակցել են նաև Տավուշի մարզպետարանի, Սևքարի համայնքապետարանի և դպրոցի աշխատակազմները, ինչպես նաև համայնքի բնակիչներն ու աշակերտները:

Ծառատունկը վերածվել էր մեծ տոնական միջոցառման, որտեղ աշակերտները հանդես եկան հայրենասիրական բնույթի երգերով, պարերով և բանաստեղծություններով:

«Այգու հիմնումը եղել է մեր տարիներով սպասված երազանքը, որն  Արմսվիսբանկը և Տավուշի մարզպետարանը մեզ պարգևեցին շատ անակնկալ և բաղձկալի նվերի տեսքով, որի համար շատ շնորհակալություն եմ հայտնում Բանկի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին, ինչպես նաև Բանկի, համայնքապետարանի և մարզպետարանի ողջ անձնակազմին»  հայտնեց Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Թանանյանը:

Բանկից տեղեկացրեցին, որ նշված միջոցառման իրականացումը Բանկի նախաձեռնությունն է եղել, իսկ տեղի ընտրությունը պատահական է և հիմնականում պայմանավորված այս շրջանում ծառատունկի համար բարենպաստ բնակլիմայական պայմաններով: Նախաձեռնությունը պլանավորված է եղել դեռևս 2-3 ամիս՝ պայմանավորված Բանկի հիմնադրման 15 ամյակին ընդառաջ և Բանկի ու Մարզպետարանի արդյունավետ համագործակցության արդյունքում որպես մրգատու այգու հիմնման համար նպաստավոր տարածք ընտրվել է Սևքարի միջնակարգ դպրոցի հարող տարածքը:

Նման միջոցառումների իրականացումը Բանկի կողմից կկրեն շարունակական բնույթ: Հատկանշական է, որ «Կանաչ» տնտեսության ֆինանսավորմումը հանդիսանում է Բանկի ռազմավարական ուղղություններից:

Share