Բաժին. Տնտեսական

Ամերիա. Ձեռնարկատիրական մթնոլորտի փոփոխությունները ՓՄՁ-ների շրջանում

2018 թվականը սովորական տարի չէր Հայաստանի տնտեսության համար: Տնտեսության մեջ տեղի ունեցած փոփոխությունները չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ տնտեսվարողների վիճակի և ձեռնարկատիրական մթնոլորտի վրա: Հասկանալու համար այդ ազդեցությունը, թերևս, ամենաիրական պատկերը կարելի է ստանալ հենց ձեռնարկատերերի կարծիքը լսելով:

Ամերիա ՓԲԸ կողմից 2019 թվականին իրականացված «ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, 2019» հետազոտության շրջանակներում, փորձ է կատարվել գնահատել ձեռնարկատիրական մթնոլորտի և ձեռնարկատերերի վիճակի փոփոխությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Այսպես, 2019-ի առաջին կեսում 2018-ի համեմատ ՓՄՁ ոլորտի ձեռնարկությունները արձանագրում են ձեռնարկատիրական մթնոլորտի և սեփական տնտեսական վիճակի չափավոր վատթարացում: Այս գնահատականը մեծամասամբ արտահայտում է Գերփոքր միավորների կարծիքը, քանի որ դրանք կազմում են ՓՄՁ-ների ավելի քան 94%-ը:

Աղբյուր` «ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, 2019», Ամերիա ՓԲԸ

Հաշվի առնելով, որ հարցումները իրականացվել են 2019 թվականի մարտ-մայիս ամիսներին, ՓՄՁ-ները համեմատել են իրավիճակը 2018-ի նույն ամիսների հետ, ինչը համընկնում է անցյալ տարվա քաղաքական իրադարձությունների ժամանակահատվածին: Անժխտելի է, որ այս իրադարձությունները նույնպես ունեցել են իրենց ազդեցությունը ՓՄՁ-ների գնահատականի վրա, սակայն դժվար է հստակորեն գնահատել դրա ազդեցությունը:

Այսպես, Փոքր և Միջին ՓՄՁ-ները ոչ զգալի, բայց դրական են գնահատել ձեռնարկատիրական մթնոլորտի փոփոխությունը: Հարկ է նշել, որ Առևտրի ոլորտի ՓՄՁ-ները ավելի զգալի վատթարացում են արձանագրել, մինչդեռ օրինակ անշարժ գույքի հետ կապված ծառայությունների (L) ոլորտում մեծ դրական փոփոխություն են արձանագրել, ինչը թերևս բացատրվում է անշարժ գույքի գների նկատվող աճով: 2019-ի ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ հիփոթեքային վարկերի ծավալները ավելացել են 30.8%, ինչը հավանաբար նույնպես իր զգալի ազդեցությունն է ունեցել այլ ոլորտի վիճակի բարելավման վրա:

Աղբյուր` «ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, 2019», Ամերիա ՓԲԸ

Հատկանշական է նաև այն, որ ներմուծում իրականացնող ՓՄՁ-ները չափավոր վատթարացում են արձանագրել ձեռնարկատիրական մթնոլորտում, ինչը, թերևս, պայմանավորված է մի շարք ապրանքախմբերի մասով մաքսային սակագների փոփոխություններով` պայմանավորված ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ:

Հարկ է նշել, որ նույն հետազոտության շրջանակներում գնահատվել է նաև ՓՄՁ-ների սպասումները` կապված առաջիկա 1-2 տարիների ընթացքում գործունեության արդյունքի հետ, ըստ որի Առևտրի ոլորտի և Գերփոքր ՓՄՁ-ների համար ձեռնարկատիրական մթնոլորտի վատթարացումը կշարունակվի 2019-2020թթ., սակայն մյուս կողմից, կարևոր է իմանալ նաև, որ արտահանում իրականացնողներն ունեն բավականին մեծ դրական սպասումներ, ինչը, թերևս, կարող է նպաստել արտահանման ծավալների և միգուցե նաև որակի դրական փոփոխությանը: Այս և այլ թեմաների վերաբերյալ առավել մանրամասն բացահայտումներ կարելի է գտնել «ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, 2019» հետազոտության մեջ:


Աղբյուր՝ Ամերիա

Share