Բաժին. Տնտեսական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստին հանդես է եկել բացման խոսքով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երևանում կազմակերպված ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստին և հանդես  եկել բացման խոսքով, որում մասնավորապես նշել է.

«Եվրասիական տնտեսական միության ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների հարգելի նախագահողներ,

Համատեղ նիստի հարգելի մասնակիցներ և հյուրեր,

Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից:

Եվրասիական տնտեսական միությունը արդյունավետ ինտեգրացիոն միավորում է՝ ստեղծված անդամ պետությունների կայուն տնտեսական աճն ու զարգացումը ապահովելու համար:

Միությունն արդեն իսկ ապացուցել է իր կենսունակությունն ու արդյունավետությունը, ինչի մասին վկայում են ներքին առևտրաշրջանառության ցուցանիշները, արտաքին առևտրի ծավալները, ինչպես նաև կհավելեմ, բազում երկրների ցանկությունը ունենալու գործնական և ինստիտուցիոնալ հարաբերություններ ԵԱՏՄ-ի հետ, մասնավորապես՝ առևտրի մասով:

Անհրաժեշտ է ընդգծել, որ Եվրասիական միությունը մեծ, ընդհանուր և միաժամանակ բարդ օրգանիզմ է, որում մեր երկրները, փոխադարձ հարգանքի վրա հենվելով և բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով, ամենօրյա և նպատակաուղղված աշխատանքով լուծում են արդիական խնդիրները: Այստեղ, իհարկե, կցանկանայի կանգ առնել Միության մարմինների աշխատանքի շարժունակության և արդյունավետության վրա: Մի կողմից, այո, իսկապես դա միություն է, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով, ինչը Միության ինստիտուցիոնալության տեսանկյունից, իհարկե, շատ լավ է: Մյուս կողմից՝ դա ունի որոշակի ազդեցություն որոշումների կայացման արագության վրա, բայց ես ձեզ վսհատեցնում եմ, որ ամեն դեպքում ամեն օր կամ ամեն տարի գուցե լուծումների քննարկումը և ընդունումը տեղի է ունենում ավելի արդյունավետ և օպերատիվ կերպով, և այս առումով միության և գործընթացների կառավարման հեռանկարները ամեն տարի զարգանում են, և կարծում ենք, որ դառնում են գործուն և օպերատիվ:

Ինչպես գիտեք, Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում, և մենք մեր կողմից առավելագույն ջանքերն ենք գործադրել Միության լիարժեք գործառնության, ինչպես նաև արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնման համար:

Այս տարի մենք վերջնականացրել և անցել ենք Միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված համաձայնագրի կիրարկմանը և Սերբիայի հետ կնքել ենք համաձայնագիր: Ես կարծում եմ, որ դրանք բավականին նշանակալի արդյունքներ են, քանի որ առևտրի ծավալը և հարաբերությունների ծավալը, որոնք կարգավորվում են այս համաձայնագրերով բավականին մեծ են: Կարծում եմ, որ մեր երկրների բիզնեսների համար դրանք առևտրային կապերը զարգացնելու լավ և նոր հարթակներ են:

Նիստի հարգելի մասնակիցներ,

Կցանկանայի նշել, որ Միության շրջանակներում ինտենսիվ համագործակցում են ոչ միայն գործադիր իշխանության ներկայացուցիչները, այլև ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները:

Կարծում եմ, որ ձեր համագործակցությունը Միության շրջանակներում ամեն տարի ամրապնդվում է, իսկ այն փաստը, որ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ալեքսեյ Լեոնիդի Կուդրինը հանդիսանում է Ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության նախագահ, իր հերթին թույլ կտա զարգացնել և ամրապնդել փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ:

Անխոս, մարմինների համագործակցությունը շատ կարևոր թեմա է: Ընդհանրապես դժվար է պատկերացնել տնտեսական միության զարգացում առանց պետությունների բոլոր մարմինների ընդհանրական համագործակցության: Այս իմաստով և՛ այսօրվա նիստի փաստը, և՛ այն փաստը, որ հաշվեքննիչ պալատների միջև կա ինստիտուցիոնալ համագործակցություն այսօր, ուրախացնում է և կարևոր նշանակություն ունի մեր տնտեսական համայնքների զարգացման համար:

Այսօր հերթական միջոցառումն է, որը վկայում է, որ ինտեգրման զարգացումն անցնում է ընդհանրական, ինչը շատ կարևոր է:

Որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ կարող եմ վստահեցնել, որ մենք բարձր ենք գնահատում և ուշադրությամբ ենք վերաբերվում Ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից իրականացվող համատեղ վերահսկիչ միջոցառումների արդյունքներին:

Ձեր առաջարկություններն ու խորհրդատվությունները մեզ ներկայացնում են օբյեկտիվ տեղեկատվություն Միության բյուջեի արդյունավետ ծրագրման և ծախսման, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի վճարների ժամանակին և ճիշտ բաշխման համար: Սա նույնպես բավականին բարդ թեմա է, քանի որ մաքսատուրքերի վճարների բաշխումը, ինչպես գիտեք, ուղղակի մաթեմատիկական բանաձև չէ: Մենք այդ թեմայի մեջ ներդրել ենք հիմնական տնտեսական սկզբունքները: Այս թեման քննարկվել է շատ երկար և շատ մանրամասն գրեթե մեկ տարի: Այս տարի մենք հանգել ենք որոշակի բանաձևի, որն իր մեջ ներառում է, կկրկնեմ, ոչ միայն մաթեմատիկական հետևանքներ, այլ իրապես մասնակիցների տնտեսական զարգացման մակարդակ, այսինքն՝ մեր երկրների տնտեսությունների համար նշանակություն ունեցող շատ գործոններ այս իմաստով հաշվի են առնվել:

Հարգելի հյուրեր,

Ամփոփելով ցանկանում եմ մաղթել բոլորիս արգասաբեր և հաջող աշխատանք և, իհարկե, հաճելի ժամանց Հայաստանում: Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ ձեզ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մասնակցության համար և մաղթել ամենայն բարիք:

Շնորհակալություն ուշադրության համար»:

Share