Categories: Տնտեսական

Ամփոփվել են 2019թ. ՀԱԷԿ-ի արդիանականացման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները

Ռուսաստանի դեսպանն ու Հայաստանի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը ամփոփել են 2019 թվականին ՀԱԷԿ-ի արդիանականացման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները։

Դեկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ-ում ՌԴ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի այցը Հայաստանում միակ ատոմային էլեկտրակայան՝ ծանոթանալու համար կայանի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ընթացքին։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական համաձայնագրի շրջանակում, որի հիմնական խնդիրներից է կայանի պաշարների վերականգնումն ու ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը 10 տարով, մինչև 2026 թվականը։ Միջկառավարական համաձայնագրով նախատեսվում է հայկական կողմին տրամադրել 270 միլիոն դոլարի վարկ և 30 միլիոն դոլարի դրամաշնորհ, որոնք ուղղվելու են կայանի անվտանգության և շահագործման արդյունավետության բարձրացման աշխատանքներին։

«Այս տարի մշակված Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարության համաձայն, մինչև 2040 թվականը հայկական ԱԷԿ-ը միջնաժամկետ հեռանկարում կմնա Հայաստանի կարևորագույն էներգետիկ օբկետներից մեկը։ Խորհրդային տարիներից այստեղ ձևավորված վստահության, փոխօգնության և իրական բարեկամության ավանդույթներն այսօր վառ ապացույցն են վստահության ու փոխընկալման վրա հիմնված մեր երկրների միջև երկկողմ յուրահատուկ հարաբերությունների»,-ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Մեդիա-տուրի շրջանակում մասնակիցներն այցելեցին տուրբինային արտադրամաս, որտեղ ծանոթացան 2019 թվականի հիմնական աշխատանքներին։ Իրականացված միջոցառումների արդյունքներով դրական եզրակացություն է տրվել ռեակտորային սարքավորումները մինչև 2026 թվականը շահագործելու համար։ Այդ ժամկետը հաստատվել է անհրաժեշտ հաշվարկներով և ինժեներական հետազոտություններով։

«Տարվա ընթացքում արդիականացվել է ցայտաջրմուղային համակարգը-կայանի անվտանգության ապահովման հարցում անմիջական դերակատարություն ունեցող հիմնական օղակներից մեկը։ Ստուգման ենթակա գրեթե բոլոր սարքավորումները (մոտ 5 հազար միավոր) հետազոտվել են և անհրաժեշտության դեպքում՝ փոխարինվել։ Ներկայում, կայանում ամբողջությամբ փոխարինված են մեքենայական սրահի սարքավորումները, ինչի շնորհիվ 15 տոկոսով ավելացրել է էլեկտրաէներգիայի գեներացումը՝ նույն քանակությամբ վառելիքի ծախսի պայմաններում։ Միևնույն ժամանակ մենք պատրաստել ենք առաջարկներ՝ 2026 թվականից հետո ԱԷԿ-ի հետագա շահագործման համար և տվել ենք երաշխիքներ ու մշակել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետների երկարաձգման հայեցակարգը, հենվելով ռուսաստանյան ատոմային կայանների փորձի վրա»,-2019 թվականի աշխատանքների արդյունքներն է մեկնաբանել հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց. «Հայաստանի համար ատոմակայանը ունի ստրատեգիական նշանակություն : ՀՀ-ն խնդիր ունի էներգետիկ առումով ոչ միայն ինքնաբավ լինել, այլ նաև շարունակել լինել արտահանող երկիր: Հայկական ԱԷԿ-ն էլեկտրէներգիա է արտադրում բազիսային ռեժիմում, որը էլեկտրաէներգիայի սպառման ընդհանուր հաշվեկշռի 30-40%-ն կազմում է: Այն հնարավորություն է տալիս երկրի համար ապահովել պատշաճ մակարդակով էներգետիկ անվտանգության և անկախություն: Հարկ եմ համարում նշել, որ ՀԱԷԿ-ի շահագործվող էներգաբլոկի անվտանգության ապահովումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթ խնդիրներից է և գտնվում է ղեկավարության անմիջական ուշադրության կենտրոնում: ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացումն մշտական գործընթաց է, այն իրականացվում է վերագործարկման պահից և կշարունակվի մինչև կայանի շահագործման վերջին օրը: Մեր ատոմակայանն գործում է միջազգային բոլոր ստանդարտներին  համապատասխան և անվտանգության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները, և միջազգային կառույցների տված  բարձր գնահատականը խոսում է այն մասին, որ  մեր հարևանների կողմից անվտանգությունը կասկածի տակ դնող մտահոգությունները տեղին չեն»։

Մեկնաբանելով էներգետիկ բնագավառում երկրների միջև համագործակցության զարգացումը, Սերգեյ Կոպիրկինը նշել է․ «Վերջին շրջանում Ռուսաստանին ու Հայաստանին հաջողվել է կայացնել մի շարք կարևոր որոշումներ, որոնք թույլ են տվել երկարաձգել ռուսական վարկային գծի ժամկետը, համաձայնեցնել մնացած աշխատանքների ծրագիրն ու նայել առաջ, առնվազն մինչև 2030 թվական։ Դրանք կարևոր ռազմավարական որոշումներ են, որոնք ամբողջովին համահունչ են մինչև 2040 թվականը Հայաստանի էներգետիկայի զարգացման վերջերս նորացված ռազմավարությանը, և թույլ են տալիս մեր հայ ընկերներին, առավել հանգիստ պայմաններում, մի կողմից գրագետ կազմել սակագնային քաղաքականությունը, մյուս կողմից՝ երաշխավորված ապահովել բարեկամ Հայաստանի բոլոր սպառողների համար էժան և էկոլոգիապես մաքուր էներգապաշարներ։ Կարևոր է՝ նշվածն իրականացնել համաձայնեցված ժամկետներում»։

———–

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան գլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություններ ու կազմակերպություններ, այդ թվում` Ռուսաստանի ատոմային ոլորտի քաղաքացիական բոլոր ընկերությունները, գիտահետազոտական կենտրոնները և  աշխարհի միակ ատոմային նավատորմը:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: «Ռոսատոմ» ընկերությունն իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի  մատակարարումը։ Երկկողմ գործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական ու կրթական համատեղ նախագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կադրերի  պատրաստումը։.

Share