Բաժին. Տնտեսական

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված արձանագրության ստորագրմանը հավանություն տրվեց

Կառավարությունը հավանություն տվեց Ռուսաստանի կառավարության հետ ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար մեր երկրին պետական արտահանման վարկ տրամադրելու մասին 2015 թվականի փետրվարի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման, 2015 թ. փետրվարի 5-ին կնքված վերոնշյալ համաձայնագրով ՌԴ կառավարության կողմից տրամադրվող 300 մլն ԱՄՆ դոլար վարկի (որից՝ 270 մլն ԱՄՆ դոլար վարկ և 30 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ) մարման ամսաթիվ էր սահմանվել 2019թ. դեկտեմբերի 31-ը:

Ծրագրի շրջանակներում կատարված համալիր հետազոտության և սարքավորումների լրացուցիչ հետազոտությունների արդյունքներով նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների (մատակարարումների) ցանկը զգալիորեն ընդլայնվել էր, և Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված որոշ առանցքային աշխատանքների ավարտի պլանային ժամկետների երկարացման անհրաժեշտություն էր առաջացել:

Նախատեսվող փոփոխություններով երկարաձգվում են վարկի օգտագործման ժամկետները՝ 2019 թ. դեկտեմբերի 31-ից տեղափոխվելով 2021 թ. դեկտեմբերի 31-ը:

Ծրագրի շրջանակներում առկա մնացորդային գումարները կուղղվեն Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացման աշխատանքներն ավարտին հասցնելուն:

Share