Կառավարությունը հավանություն ստացավ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախագծի նպատակն է որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում:
«Օրենքի նախագիծը ներմուծում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մոդելը՝ չհիմնավորվող հարստացման բռնագանձումը, որը տարբեր դրսևորումներով առկա է Իտալիայում, Իռլանդիայում, Ավստրալիայում, Բուլղարիայում, Սլովենիայում, Միացյալ Թագավորությունում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանումն է, որը գտնում է ապօրինի ծագման գույք, որը մարդու օրինական եկամուտներից չի բխում։
Ըստ նախարարի՝ կան հոդվածների շրջանակ, որոնք ազդակ են հանդիսանում ուսումնասիրության համար։
Իրավասու մարմինը կարող է սկսել ուսումնասիրություն հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1) առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարումը, և տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով.
2) հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք.
3) առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է հետևյալ հիմքերից մեկով.
ա) ընդունվել է համաներման մասին օրենք.
բ) անցել են վաղեմության ժամկետները.
գ) անձը մահացել է.
դ) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.
4) առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով․
5) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք։
6) Միջազգային հարցումներին պատասխանելու համար։
«Եթե ուսումնասիրության արդյունքում 25 միլիոն դրամից ավելիի չափով տարբերություն է առաջանում գույքի և օրինական եկամուտների մասով, արդեն սկսվում է շահագրգիռ անձանց ծանուցման գործընթացը, մինչև քաղհայցի հարուցումն առաջարկվում է ներկայացնել հիմնավորումներ գույքի ծագման օրինականության վերաբերյալ, նաև առաջարկվում է հայտարարագիր ներկայացնել, որի ամփոփումից հետո կամ դադարեցվում է կամ հաշտեցման բանակցություններ են սկսում կամ քաղհայց է ներկայացվում»,- ասաց նա։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ նախագիծն ունի կարևոր նշանակություն հանրապետությունում փողերի լվացման դեմ պայքարի, կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի և այլ տեսանկյունից։ Նա ասաց, որ պետք է իրազեկման, պարզաբանման աշխատանքներ սկսել, իրավապահ համակարգերի համար ուղեցույցների մշակման, որովհետև սա բոլորովին նոր ինստիտուտ է։
Բադասյանն ասաց, որ իրազեկման գործընթացները շարունակվելու են, ուղեցույցներ են մշակվելու և վերապատրաստումներ իրականացվելու։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ սա կարող է դառնալ ոչ արդիական գործիք, ապա հարցրեց՝ ինչ են անելու, եթե կրիպտոարժույթ է կամ եթե օֆշորային կազմակերպություն է արտասահմանյան ակտիվների ռեպատրիացիա իրականացնելու համար։
Բադասյանն ասաց՝ եթե դժվար է ապացուցել, դա չի նշանակում, որ անհնար է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 10 տարին քաղաքական կոնտեքստ է ստանալու: «Ինչո՞ւ 10 տարի: Ես հասկանում եմ, որ փորձագետներն ասում են, որ 10 տարուց ավելի ապացույցները չեն պահպանվում, բայց եթե չի պահպանվում, չի պահպանվում»,- ասաց վարչապետը։
Պատասխանելով՝ Ռուստամ Բադասյանն ասաց, որ գործող կարգավորմամբ 15 տարի է գործողության ժամկետը, բացառիկ դեպքերում նախատեսվում է գնալ մինչև 1991 թվական: