Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» կենտրոնը թողարկել է տնտեսական արդիական խնդիրների մասին գիտահանրամատչելի տեղեկագիր

Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տնտեսական լրագրողներ, ձեզ ենք ներկայացնում Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից հրատարակված նոր տեղեկագրի մասին լուրը. կարծում ենք, տեղեկագիրը  կարող է օգտակար լինել նաև ձեզ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ամբերդ» տեղեկագիր գիտահանրամատչելի հանդեսի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը, ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, հյուրեր, աշխատակիցներ և ուսանողներ:

Հետազոտական կենտրոնի տեղեկագիրը լույս է տեսնելու երկամսյա պարբերականությամբ, անդրադառնալու է տնտեսական ամենատարբեր խնդիրների՝ մատչելի ձևով ներկայացնելով փորձագիտական մոտեցումներ և կարծիքներ, որոնք կարող են հետաքրքրական լինել լայն հանրությանը: Անդրանիկ համարում 10 խորագրերի ներքո ներկայացված են 14 հոդվածներ՝ թեմատիկ լայն ընդգրկմամբ՝ տնտեսություն, ֆինանսներ, սոցիալական քաղաքակա¬նություն, տարածքային զարգացում, մրցակցություն, կրթություն, նորարարություն, անվտանգություն և այլ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝  հայտարարելով, որ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը սույն տեղեկագրով առաջին անգամ լայն հանրությանը կներկայացնի տնտեսական տարբեր հարցերի շուրջ փորձագիտական կարևոր տեղեկատվություն: Նա նշեց, որ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը 2-րդ տարին արդեն ընդգրկվում է Փենսիլվանիայի համալսարանի աշխարհի  ուղեղային կենտրոնների գլոբալ վարկանիշավորման  “Go To Think Tank Index Report” զեկույցում՝ 100 լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում՝ այս անգամ զբաղեցնելով 94-րդ հորիզոնականը, ինչն աննախադեպ ցուցանիշ է ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանային ուղեղային կենտրոնների շարքում:

 «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանի խոսքով՝ տեղեկագրի գլխավոր նպատակն է գիտահանրամատչելի ձևաչափով տեղեկություններ մատուցել հասարակության ոչ միայն մասնագիտական, այլև լայն զանգվածներին, ովքեր հետաքրքրված են տնտեսական հնչեղություն ունեցող այս կամ այն խնդիրներով:

Տեղեկագիրը հասանելի է նաև էլեկտրոնային եղանակով՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://asue.am/upload/files/amberd/Amberd-bulletin.pdf

Share