Բաժին. Տնտեսական

Նոր իրավիճակը նոր ռազմավարություն է պահանջում. Կարեն Վարդանյան

Այսօր  «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մամլո ասուլիսը, որի ընթացքում քննարկվեցին ԱՏՁՄ 2020-2025 թվականների ռազմավարության և, այդ ենթատեքստում, տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը վերաբերող հարցերը:

Ասուլիսի բանախոսներն էին ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ներկայացուցիչ, ինժեներական գիտությունների ծրագրի ղեկավար Սաթենիկ Մնացականյանը և «VOLO» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը։ Կարեն Վարդանյանը նշեց, որ 2017-2021 թվականների ռազմավարությունն ընդհատելու և դրա փոխարեն նորը ստեղծելու պատճառները մի քանիսն են:

«Ինչպես ասում են՝  երկրում իրավիճակ է փոխվել, նոր մոտեցումներ են, նոր քաղաքականություն, հետևաբար մեր ռազմավարությունը պետք է դրան համահունչ լինի: Ասեմ, որ մեր գործող ռազմավարության զգալի հատվածը կյանքի կոչվեց: Մասնավորապես, ստեղծվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտի համար պատասխանատու կառույցը միացել է վերոհիշյալ նախարարությանը: Դրանից բացի, լուրջ առաջընթաց ունենք կրթության ոլորտում: Այստեղ  լայնածավալ փոփոխություններ են կատարվել, դպրոցներում բացվող «Արմաթ» լաբորատորիաների թիվը մինչև տարեվերջ կհասցնենք 585-ի՝ փակելով Շիրակ, Լոռի, Տավուշ մարզերն ամբողջությամբ։ Ուստի նախորդ ռազմավարության հիմնական կետերն իրագործելով՝ անհրաժեշտություն առաջացավ կազմելու նորը», – ասաց Կարեն Վարդանյանը:

Աղվերանում դեկտեմբերի 21-22-ը կայանալու է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը, որով էլ հենց մեկնարկելու է ԱՏՁՄ 2020-2025թթ․ ռազմավարության մշակման պաշտոնական գործընթացը:

Խոսելով ոլորտի խնդիրներից՝ Մնացականյանը նշեց, որ տարվա ընթացքում բարձրացված բոլոր հարցերը քննարկվելու են և տեղ են գտնելու ռազմավարության մեջ: Վերջինս ԱՏՁՄ-ում վարում է «Պետությունը որպես պատվիրատու» բլոկը։

«Այն հիմնախնդիրները, որոնք փորձում ենք լուծել ռազմավարական այս բլոկում, դեռ շարունակում են արդիական մնալ: Կա 2 ուղություն, որոնցից մեկը կապված է պետական ստանդարտների մշակման հետ: Գիտենք, որ պետության հարթակների թվայնացումը 21-րդ դարում առաջնային է, և ամեն կերպ փորձում ենք սատարել կառավարությանը: Այստեղ կա մի քանի կարևոր խնդիր։ Նախ մենք չունենք պետական ստանդարտներ, ուստի ստիպված ենք լինում ընդունել այլ երկրների ստանդարտները, ինչը հաճախ չի համապատասխանում մեր պետական շահին: Երկրորդ խնդիրը տնտեսականն է։ Մեծ մասամբ էլեկտրոնային հարթակները ստեղծվում են միջազգային կազմակերպությունների գումարներով, որոնք առավել հաճախ տրվում են որպես վարկ։ Երրորդ խնդիրը. այլ երկրներից լուծումներ ստանալը կարող է նաև ազգային անվտանգության ոլորտում խնդիրներ առաջացնել՝ մեզ չապահովելով բավարար վերահսկողության հնարավորությամբ»,-ասաց Սաթենիկ Մնացականյանը:

Հաջորդ ուղղությունը գնումների համակարգի հետ է կապված: Սաթենիկ Մնացականյանը նշեց, որ այստեղ բացեր կան տեղական արտադրողների շահերը բավարար չափով պաշտպանելու առնչությամբ:

VOLO ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, ով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում առաջնորդել է հայկական տեխնոլոգիական բրենդի ստեղծման և առաջխաղացման գործընթացը, նշեց, որ այս հատվածում զգալի աշխատանք կա կատարված:

«2014 թվականին, երբ առաջ քաշվեց Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր դիրքավորելու նախաձեռնությունը, դեռ գոյություն չուներ երկիրը ներկայացնելու միասնական ֆորմատ, լեզու: Աշխատանքը մեկնարկեց և ձևավորված «Զարմանահրաշ ինժեներական լուծումներ» (Surprising Engeneering) խորագրով սկսեցինք զարգացնել գաղափարը։ Երբ 2017 թվականին արդեն ընդունվեց Միության ռազմավարությունը, ձևավորվեց վեբկայքը, սկսեցինք ակտիվ ներկայացնել կոնցեպտը աշխարհի ամենատարբեր հարթակներում: Կարող եմ ասել, որ մեր աշխատանքի արդյունքում մենք կարողացանք ամբողջությամբ ընկալելի դարձնել հստակ կերպով մեզ ներկայացնելու գաղափարը և այժմ գերազանցապես նույն լեզվով ենք կարողանում խոսել։ Միջազգային հասարակությանը երկիրը ոչ թե պետք է պարզապես ներկայացնել, այլ անհրաժեշտ է այն հետաքրքիր դարձնել մասնագետների հոսք ապահովելու համար», – ասաց Արմեն Քոչարյանը: 

Աղվերանում սպասվող հանդիպմանը քննարկման օրակարգում են լինելու ոլորտի զարգացման մյուս ճյուղերն առաջ տանելու հեռանկարները ևս:

Share