Բաժին. Տնտեսական

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել որպես «More for Metsamor» նախագծի առաջին բանախոս

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտների հետ։ Հանդիպումը կազմակերպվել է «More for Metsamor» նախագծի շրջանակում` «Ռոսատոմ» պետկորպորացիայի նախաձեռնությամբ։ Նախագծի հիմնական գաղափարն է-Մեծամորի աշակերտների համար հասանելի դարձնել ժամանակակից կրթական ձևաչափերն ու դպրոցն ամբողջ քաղաքի համար դարձնել «կրթական կենտրոն»։

Հանդիպման բացմանը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, թե որքան կարևոր է այսօր երիտասարդությանը տալ ճիշտ կողմնորոշիչներ և հաջողակ մարդկանց օրինակով ցույց տալ այն անսահման հնարավորությունները, որը տալիս է գիտելիքը` ժամանակակից աշխարհում։

«Մեկ ամիս առաջ «Ռոսատոմ» պետկորպորացիայի դրոշի ներքո տրվել է այս կարևոր կրթական ծրագրի մեկնարկը, և մենք արդեն կարող ենք հետևել, թե ինչպես է այն ակտիվորեն առաջ շարժվում։ «More for Metsamor» նախաձեռնությունը մեր երկրների միջև մշակութային-հումանիտար համագործակցության նոր ձևերից մեկն է` ուղղված հայաստանցի աշակերտների համար ժամանակակից կրթական ձևաչափերը հասանելի դարձնելուն։ Պատահական չէ ընտրված նաև միջոցառման անցկացման հիմնական վայրը։ Այստեղ` Մեծամորում, գիտության ու տեխնիկական մասնագիտությունների ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունն ունի հին ավանդույթներ»,-ասաց ՌԴ դեսպանը։

«More for Metsamor» նախագծի շրջանակում ծրագրավորված են հանդիպումներ հայտնի և ոգեշնչող մարդկանց հետ, որոնց կյանքում մեծ դեր է խաղացել գիտությունը, ինքնազարգացման ու կրթության մակարդակը մշտապես բարձրացնելու ձգտումը։ Պատահական չէ, որ նախագծի առաջին բանախոս է ընտրվել հենց Արմեն Սարգսյանը, որը ելույթ ունեցավ ոչ որպես երկրի նախագահ, այլ` որպես գիտնական-ֆիզիկոս։ Նրա մասնագիտական գործունեությունը մշտապես կապված է եղել ճշգրիտ գիտությունների հետ, և այսօր նա զարգացնում է ATOM (Advanced Tomorrow) նախագիծը, որի նպատակն է Հայաստանում զարգացնել գիտությունն ու տեխնոլոգիաները։

Արմեն Սարգսյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի(ԵՊՀ) ֆիզիկայի ֆակուլտետը և իր կյանքի զգալի մասը նվիրել է դասախոսությանը։ Նա աշխատել է ԵՊՀ-ում, Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի աստղագիտության ինստիտուտում, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, ինչպես նաև Գերմանիայի, ԱՄՆ-ի և Հունաստանի գիտական կենտրոններում ու համալսարաններում։ Եվ նա շարունակում է զբաղվել գիտությամբ։ Արմեն Սարգսյանն այսօր Առաջնորդության գլոբալ հիմնադրամի, Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցի, Չիկագոյի համալսարանի Հարրիսի անվան պետական քաղաքականության դպրոցի խորհուրդների, ինչպես նաև Ջոն Սմիթի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի խորհրդի անդամ է։

Արմեն Սարգսյանը պատմեց իր կյանքում ու կարիերայում գիտության դերի, ինչպես նաև Հայաստանի ապագայի համար նորարարական տեխնոլոգիաների նշանակության մասին։

«Ողջունում եմ այն փաստը, որ Ռոսատոմը, իր հիմնական գործունեությունից բացի աջակցում է կրթությունը և գիտությունը Հայաստանում, մասնավորապես, Мore for Metsamor նախագիծը։ Ես կարծում եմ, որ այն աշխարհում ամենաառաջադեմ ընկերություններից մեկն է։ Ֆուկուսիմայից հետո շատ ընկերությունները դադարեցրել են արտադրությունը և համաշխարհային առաջատարներից շատ քիչ են մնացել։ Ռոսատոմը՝ այդ առաջատարներից մեկն է», – իր ելույթում նշեց Արմեն Սարգսյանը։

Ամփոփելով հանդիպման արդյունքները` հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն ասաց.

«Մեծ գաղտնիք չեմ բացի` ասելով, որ ժամանակակից աշխարհում գիտությունն ու տեխնիկան հսկայական դեր են խաղում, և մենք պետք է փնտրենք ուղիներ, ինչպես հետաքրքիր ու գայթակղիչ դարձնել դրանք երիտասարդների համար։ Հաճախ «Ռոսատոմն» անվանում են նաև գիտելիքների կորպորացիա, և մենք միշտ ուրախ ենք աշխատել Հայաստանի երիտասարդության հետ և անցկացնել միջոցառումներ ժամանակակից գիտական մտքի լավագույն ուղղությունները հանրայնացնելու համար։ Չի բացառվում, որ այս դպրոցում հիմա սովորում է միջուկային ֆիզիկայի ապագայի ականավոր մասնագետը, կամ հայկական ԱԷԿ-ի հաջորդ տնօրենը, կամ էլ, նույնիսկ, Նոբելյան ապագա մրցանակակիր։ Հայաստանն ունի հսկայական ինտելեկտուալ ներուժ, և մենք հպարտանում ենք, որ մաս ենք կազմում այս երկրում կրթության զարգացմանը»։ 

Հիշեցնենք, 2019 թվականի նոյեմբերի 21-ին «Ռոսատոմ» պետկորպորոցիան ներկայացրեց «More for Metsamor» նախագիծը։ Դրա շրջանակում դպրոցում կհիմնադրվի մուլտիմեդիոն գոտի, որը հնարավորություն կտա անցկացնել ինտերակտիվ դասեր ու միջոցառումներ` կինոդասախոսություն ձևաչափով, կազմակերպել թեմատիկ հանդիպումներ, որոնք կմիավորեն ոչ միայն դպրոցի աշակերտներին, այլև` քաղաքի ամբողջ բնակիչներին։

Նախագծի առաջին թուլը կտևի մինչև 2020 թվականի ուսումնական տարի, և այդ ընթացքում դպրոցում կանցկացվեն հանդիպումներ Հայաստանի և Ռուսաստանի ականավոր մարդկանց հետ, կկազմակերպվեն աշակերտների այցեր Հայաստանի գիտատեխնիկական կենտրոններ։ Նախագծի կարևոր փուլերից մեկը կդառնա կրթական գործընթացի բարելավման լավագույն գաղափարի համար աշակերտների միջև անցկացվելիք մրցույթը։ Ամենահաջողված նախագիծը կիրականացվի «Ռոսատոմի» աջակցությամբ։

———–

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան գլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմը» միավորում է ավելի քան 300 ձեռնարկություններ ու կազմակերպություններ, այդ թվում` Ռուսաստանի ատոմային ոլորտի քաղաքացիական բոլոր ընկերությունները, գիտահետազոտական կենտրոնները և  աշխարհի միակ ատոմային նավատորմը:

Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: «Ռոսատոմ» ընկերությունն իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի  մատակարարումը։ Երկկողմ գործակցության կարևոր ուղղություններից են առողջապահական ու կրթական համատեղ նախագծերի իրականացումը և ատոմային ոլորտի համար կադրերի  պատրաստումը։.

Share