ՀՀ կառավարությունը համայնքների և մասնավոր սեկտորի համաֆինանսավորմամբ 2019-ին 483 սուբվենցիոն ծրագրերից արդեն կյանքի է կոչել 462-ը: Պետությունը կատարել է իր խոստումը` դրանց համար տրամադրելով 10 մլրդ դրամի շրջանակներում ֆինանսավորում:
Այս մասին իր տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«2019-ին շուրջ 483 սուբվենցիոն հայտ էր հաստատվել, որից 462 ծրագիր կյանքի է կոչվել կամ գոնե 2020-ին կավարտվի: Դրանք 16.4 մլրդ դրամի ծրագրեր են, որից համայնքային ֆինանսավորումը կազմում է 6.8 մլրդ, իսկ պետական ֆինանսավորումը` 9.6 մլրդ դրամ: Այսինքն՝ ՀՀ կառավարությունն իր խոստման համաձայն` 10 մլրդ դրամի շրջանակներում տրամադրել է 9.6 մլրդ դրամ պետական ֆինանսավորում, որի արդյունքում մենք համայնքներում ունենք զգալի ձեռքբերումներ»,-ասաց Պապիկյանը:
Նախարարը շեշտեց`շատ են կարևորում սուբվենցիոն ծրագրերը, քանի որ դրանք պետություն-համայնք և արդեն իսկ իրենց ջանքերով մասնավոր համագործակցության կարևոր արդյունք են: «Մենք այս ճանապարհով փորձում ենք տարբեր համայնքներում բնակվող մեր հայրենակիցների ունեցած հնարավորությունները, որոնք պատրաստ են տրամադրել համայնքին, օգտագործել համայնք-պետություն համագործակցության շրջանակում` ի շահ համայնքի»,-ասաց նախարարը:
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում այս տարի կատարվել են շուրջ 112 կմ ասֆալտապատման աշխատանքներ` համայնքային համաֆինանսավորմամբ, պետական և մասնավոր աջակցությամբ: Սուբվենցիոն ծրագրերով այս տարի կատարվել է նաև խմելու ջրի և ջրահեռացման համակարգին առնչվող 46 ծրագիր: 32 համայքների 39 բնակավայրերում իրականացվել են ոռոգման համակարգի աշխատանքներ: