Բաժին. Տնտեսական

Կառավարությունը 2019թ. հավանություն է տվել 212 մլրդ դրամի 57 ներդրումային ծրագրի

Կառավարությունը լրացում է կատարել «Անիթեքս» ՍՊԸ-ին մաքսատուրքից ազատման արտոնությունից թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշման մեջ: 2018 թվականից գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (մանրաթելի, վերմակների, բարձերի արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 8.6 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 2.8 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 44 նոր աշխատատեղ և իրականացվել 696,484,383 ՀՀ դրամի ներդրում:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել 2019 թվականի ընթացքում կառավարության որոշումներով ընկերություններին տրված արտոնությունների վերաբերյալ: Անցած տարվա ընթացքում կառավարության հավանությանն է արժանացել 57 ծրագիր:  «Ընդհանուր ներդրումային արժեքը կազմել 212 մլրդ դրամ: Տրամադրել ենք 14,8 մլրդ դրամ մաքսատուրքից ազատման արտոնություններ: Նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3 320 աշխատատեղ: Այդ ծրագրերից որոշները շարունակական են, այսինքն՝ ոչ միայն իրականացվել են 2019-ին, այլև շարունակվելու են 2020թ., երբեմն նաև 2021 թ. ընթացքում: Այս ծրագրերից շատերի մասով տրվել են նաև ավելացված արժեքի հարկը հետաձգելու արտոնություններ: Եղել է այդպիսի 13 ծրագիր, իսկ ԱԱՀ-ի հետաձգման գումարը կազմել է 10,1 մլրդ դրամ»,-ասել է նախարարը:

Share