Բաժին. Տնտեսական

2019թ.-ին Հայաստան ներմուծված ավտոմեքենաների քանակն աճել է 3 անգամ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողներին է ներկայացրել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը և ոչ միայն։

Մեր գործընկերներին հետաքրքրել է նաև ավտոներկրումն ու սահմանային կետերի աշխատանքը։

Եվ այսպես՝ 2019-ի ընթացքում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 18 ավտոմեքենա՝ նախորդ տարվա՝ 64 հազար 82-ի համեմատ:

Մեքենաների համար գանձումների գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 95 մլրդ կամ 58 մլրդ-ով ավել 2018-ի համեմատ։

Ինչ վերաբերում է սահմանային կետերի աշխատանքին, որոնցում ահռելի հերթեր էին գոյացել ավտոմեքենաների ներմուծման համար։ Անանյանը նկատեց՝ 2019-ի դեկտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ի 22։30-ը սահմանային կետերն աշխատել են շուրջօրյա։ ՊԵԿ նախագահը վստահեցնում՝ հասցրել են մաքսազերծել բոլոր մեքենաները։

Նախնական հայտարարագրված են շուրջ 4700 ավտոմեքենա, այսինքն «նախնական հայտարարագիր» գործիքի շնորհիվ հունվարին շուրջ 4700 մեքենա կմաքսազերծվի։

Share