Բաժին. Տնտեսական

Տիգրան Խաչատրյան. Արտահանման աճի վրա էական ազդեցություն է ունեցել կոնյակի, անմշակ ոսկու, գինու արտահանումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019-ի հանրագումարով ակնկալում է արտահանման ծավալի 9-10 տոկոսի աճ: Արտահանման աճի վրա էական ազդեցություն են ունեցել հիմնականում կոնյակի, անմշակ ոսկու, շոկոլադի, մրգային գինիների և մի քանի այլ ապրանքների արտահանման ավելացումը: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«11 ամիսների արդյունքով ունենք արտահանման 9 տոկոս աճ: Դրանք շարունակում են լինել այն ուղղությունները, որոնք տարեսկզբից առանձնանում էին որպես արտահանման առաջատար ուղղություններ: Կոնյակի արտահանումն աճել է 26.7 տոկոսով, ծխախոտինը` 9 տոկոսով, պղնձի խտանյութինը` 16.8 տոկոսով, անմշակ ոսկունը` 31 տոկոսով, երկաթամիահալվածքինը` 18.1 տոկոսով, շոկոլադի արտահանումը` 14.6 տոկոսով, մրգային գինիներինը` 75 տոկոսով, խաղողի գինիներինը` 25.5 տոկոսով և ոսկերչական իրերի արտահանումը` 19.2 տոկոսով»,-ասաց նախարարն ու նշեց` սրանք այն ապրանքախմբերն են, որոնք ընդգծված առաջատար ազդեցություն են թողել ընդհանուր արտահանման աճի վրա:

Խաչատրյանը նշեց` կանխատեսում են, որ արտահանումը տարվա հանրագումարով կլինի 9-10 տոկոսի սահմաններում, 2020-ի համար նույնպես կանխատեսում են արտահանման 10 տոկոս աճ:  Անդրադառնալով դիտարկմանը, թե նախորդ տարիներին եղել է նաև 20 տոկոսից բարձր արտահանման աճ`  նախարարն ասաց, որ այո, եղել է, ապա շարունակեց. «Բայց ինչպիսին է եղել դրա նախորդ տարին, որի նկատմամբ մենք 20 տոկոսից ավելի արտահանման աճ ենք արձանագրել: Դրա նախորդ տարին է եղել շատ վատը: Եվ հիմա, երբ ամեն տարվա ընթացքում ունենք իրենից առաջ բարձր բազայով աճած արտահանման քանակ, դրա նկատմամբ 10 տոկոս ցուցանիշը, հավատացեք, բավականաչափ լավ ցուցանիշ է»:

Նա վստահեցրեց` արտահանումը շարունակելու է լինել մշակող արդյունաբերության քաշող ուժը, որը պետք է նպաստի տնտեսության ընդհանուր աճին:Արտահանման զգալի թվեր են եղել նաև բուսաբուծության ոլորտում: Դրանք հանրագումարով նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 25 տոկոսով:

Նախարարը ներկայացրեց նաև կառավարության կողմից արդյունաբերության ոլորտին աջակցության տրամադրման ուղղությամբ արված քայլերը: Աջակցության հիմնական եղանակը եղել է մաքսատուրքից և ավելացված արժեքի հարկից արտոնությունների տրամադրման գործիքը, տարվա ընթացքում այդպիսի արտոնություններ են տրվել թվով 57 ծրագրերի: Այդ ծրագրերի ներդրումային արժեքը, ընդհանուր առմամբ, եղել է 212 մլրդ դրամ, և նախատեսված է եղել, որ այդ ծրագրերի իրականացման շնորհիվ պետք է ստեղծվեին 3320 նոր աշխատատեղեր: Տրամադրվել է 14.8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով մաքսատուրքից ազատման արտոնություն: Պետությունն աջակցել է նաև մասնակցելու թվով 5 միջազգային ցուցահանդեսների` սննդի վերամշակման, կոշիկի արտադրության, ոսկեգործության բնագավառներում:

Share