Բաժին. Տնտեսական

Գազպրոմ Արմենիա. քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը: «Բիզնես 24»-ին այս մասին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

«Չի բացառվում, որ ընկերությունը կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով համապատասխան հայտով»,-տեղեկացրեցին ընկերությունից:

Ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Lragir.am-ի հետ զրույցում չէր բացառել այն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար: Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 2019 թվականի սկզբին թանկացել էր ՝ սահմանվելով 1000 խմ դիմաց 165 դոլար: «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետեւ այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսօր խոսվում է այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»,-նշել էր Գարեգին Բաղրամյանը:

Share