Բաժին. Տնտեսական

Մհեր Գրիգորյան. Գազը մինչև ապրիլի 1-ը չի թանկանալու

Սահմանին Ռուսաստանից գնվող գազի գինը ողջ 2020թ. համար չի բարձրանա, իսկ սպառողի համար սակագնի փոփոխություն չի լինի մինչև ապրիլի 1-ը: Այս մասին հունվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին

«Կան պայմանավորվածություններ, և 2020թ. համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու, իսկ սպառողի համար սակագնի փոփոխություն չի լինի մինչև ապրիլի 1-ը: Չենք բացառում, որ ապրիլի 1-ից հետո սակագնի բարձրացման հայտ կներկայացվի: Մեր բոլոր հարցերի պատասխանները կստանանք այն ժամանակ, երբ նման հայտ կներկայացվի»,- ասաց Գրիգորյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է սպառողների համար գազի սակագնի վերանայման հարցը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը Lragir.am-ի հետ զրույցում չէր բացառել այն, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի ՀԾԿՀ՝ սպառողի համար գազի սակագինը բարձրացնելու համար: Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը սահմանին 2019 թվականի սկզբին թանկացել էր ՝ սահմանվելով 1000 խմ դիմաց 165 դոլար: «Սահմանին 15 դոլարով գինը բարձրացել է, իսկ հաշվարկային առումով 30 դոլարով է բարձրացել, որովհետեւ այսօրվա գործող սակագներով շուրջ 15 դոլար «Գազպրոմ Արմենիա»-ն իր վրա է վերցրել: Այսինքն՝ գործող գները պայմանականորեն 135 դոլար սահմանային գնի վրա են հիմնված: Այսօր խոսվում է այն մասին, որ շուրջ 30 դոլար արդեն հաշվարկային առումով սահմանի գինը բարձրացել է»,-նշել էր Գարեգին Բաղրամյանը:

Share