Բաժին. Տնտեսական

Արկադի Խաչատրյան. Ծախսերի ավելացումը ոչ հաճելի սոցիալական հետևանքներ կարող է ունենալ, ուստի գազի սակագնի բարձրացումը ոչ ցանկալի երևույթ է

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հետ զրուցել ենք գազի սակագնի բարձրացման մասին։

Պատգամավորը սա քաղաքական, տնտեսական, սոցիալական նշանակություն ունեցող խնդիր է համարում և կարծում, որ այն օրակարգային հարց է  միշտ։ Խաչատրյանն այս թեմային պարբերաբար անդրադառնում է. ինքն էլ մտահոգություններ ունի, մի շարք հարցեր է առաջ քաշել, բայց սպառիչ պատասխաններ դեռ չի ստացել։

«Հիշեցի անցած տարի մարտի 27-ին ԱԺ-ում կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ իմ կողմից բարձրացված հարցը, թե ո՞վ է փակելու Հայաստան մատակարարվող գազի թանկացման հետևանքով առաջացող ֆինանսական ճեղքը», – պատգամավորին հենց այս հարցի պատասխանն է հետաքրքրում։

Տնտեսագետ-պատգամավորը խնդրի լուծման մի քանի հնարավոր տարբերակ է առանձնացրել։

«Տարբերակ էր սակագնի բարձրացումը, թեև դա վարչապետը բացառել էր, պետության կողմից ճեխքի մարում, սա իրենից պետական պարտք էր ենթադրում, ինչը ևս բացառվեց վարչապետի կողմից։ Տարբերակ է «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի կրճատումը , ներքին ռեսուրսների օգտագործումն, ինչը նոր հարցեր կառաջացնի. եթե նման կրճատումների և ռեզերվների հնարավորություն կար, ինչու մինչ այս չէր նվազեցվում գազի գինը սպառողի համար։ Եվ վերջին տարբերակը՝ գազի գնի բարձրացման հարցի հետաձգում, որը քաղաքական քայլ է և երկարատևություն ենթադրել չի կարող», – ասում է պատգամավորը։

Ի վերջո՝ ինչ կունենանք վերջում, որ տարբերակն իրականություն կդառնա, ժամանակը ցույց կտա, միայն թե Խաչատրյանը հույս ունի, որ արվելիք քայլը հնարավորինս կընդգրկի հարցի քաղաքական, տնտեսական և սոցիալական ասպեկտները։

Share