Բաժին. Տնտեսական

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը մաքսային կցորդ կունենա, որն աշխատելու է Վերին Լարսի անցակետի տարածքում

Կառավարությունը որոշում է ընդունել Արամ Թանանյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով նշանակելու վերաբերյալ: Որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2019 թ. դեկտեմբերի 2-ի 1807-Ն որոշումը, որով սահմանվել է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից գործում է ՀՀ մաքսային կցորդ՝ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով:

Վարչապետը նշել է, որ մաքսային կցորդը պետք է աշխատի Վերին Լարսի անցակետի մոտակայքում: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Արամ Թանանյանին և մաղթել հաջողություն:

Կառավարության նիստում քննարկման առարկա է դարձել ՀՀ ՊԵԿ ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի կողմից զբաղեցրած և սպասարկման համար հատկացված տարածքներից «Դյութի Ֆրի Մարկետ Արմենիա» ՍՊԸ-ին 49 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, տրամադրել համապատասխանաբար 1036 քառ. մետր և 565.3 քառ. մետր մակերեսով հողամասեր:

Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է հրաժարվել առանց մրցութային ընթացակարգի որևէ ընկերությանը հողամասերի տրամադրման պրակտիկայից և առկա հնարավորությունների մասին տեղեկացնել բոլոր կազմակերպություններին, սահմանել աճուրդային խիստ պայմաններ և մրցույթի վերահսկողության հստակ մեխանիզմներ: «Ընդհանրապես եկեք այս պրակտիկան, որ կառավարությունը որոշեց այս կամ այն հողն առանց մրցույթի տալ այսինչ ընկերությանը, վերացնենք մեր իրականությունից, որովհետև եթե կա ինչ-որ հողակտոր, որ մենք պատրաստ ենք ինչ-որ մեկին տրամադրել, ուրեմն մենք պատրաստ ենք այն տրամադրել ցանկացած մեկին, ով առավելագույնս լավ պայմաններ կառաջարկի», – նկատել է կառավարության ղեկավարը: Վարչապետի առաջարկով՝ որոշման նախագիծը հանվել է կառավարության նիստի օրակարգից: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատրաստել կառավարության որոշման նոր նախագիծ՝ ելնելով վերոնշյալ տրամաբանությունից:

Share