Բաժին. Տնտեսական

Արմավիրի մարզում ներկայացվել են գյուղոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները հունվարի 30-ին Արմավիր քաղաքում կազմակերպել են հանդիպում համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը, Գյուղատնտեսությունը  ապահովագրողների ազգային գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:

«ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը բոլոր մարզերում մեկնարկել է քարոզչական արշավ, որի նպատակն է համայնքապետերի միջոցով տնտեսվարողներին իրազեկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ, որպեսզի նրանք էլ իրենց հերթին հասանելի դարձնեն այդ տեղեկատվությունը իրենց համայնքների ֆերմերներին», – իր խոսքում նշել է Իռա Փանոսյանը:

Անդրադառնալով 2019 թվականին հանրապետությունում մեկնարկած նոր ծրագրերին և որոշ ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին` Իռա Փանոսյանն ընդգծել է, որ ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարության առաջնահերթությունները, որոնց հիմնական թիրախը փոքր և միջին գյուղացիական տնտեսություններն են:

Հանդիպման ընթացքում Նարեկ Հովակիմյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը, որի շրջանակում «կարկուտ ու հրդեհ» և «գարնանային ցրտահարություն» ռիսկերից ապահովագրվում են ծիրանի և խաղողի այգիները: Նա ընդգծել է, որ 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագիր կնքելու վերջնաժամկետներն են․ «գարնանային ցրտահարություն» ռիսկի համար՝ փետրվարի 15-ը և «կարկուտ ու հրդեհ» ռիսկի համար՝ մարտի 25-ը:

Տեղեկացնելով, որ առաջիկայում նախատեսվում է ապահովագրել նաև դեղձը, խնձորը և հացահատիկային մշակաբույսերը` Նարեկ Հովակիմյանը հավելել է, որ գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը շուտով հասանելի կլինի հանրապետության բոլոր մարզերում:

Հանդիպման ընթացքում էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները պատասխանել են ֆերմերների ու համայնքների ղեկավարների հարցերին, տրամադրել խորհրդատվություն ծրագրերին մասնակցելու պայմանների և ընթացակարգի վերաբերյալ:

Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ միջոցառումներ կազմակերպել հանրապետության բոլոր մարզերում:

Share