Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ. ԱԳԼՃԿ-ների ոլորտը մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան

ԱԳԼՃԿ-ների ոլորտը մրցակցային է, մուտքի խոչընդոտներ չկան, ՏՄՊՊՀ-ն խնդրահարույց է համարել միանման գնային քաղաքականության իրականացումը և որոշ դեպքերում էական ցածր գները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամփոփել և հրապարակել է նաև «Սեղմված գազ» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության հիմնական նպատակն էր ստանալ այս ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը հաշվետու ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչնդոտները և ներկայացնել լուծման ուղիներ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։

Հանձնաժողովն արձանագրել է, որ սեղմված գազի իրացումը ՀՀ-ում իրականացվում է 2 փուլով՝

– Մեծածախ վաճառք, որն իրականացվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցով և հանդիսանում է բնական մենաշնորհ:

– Մանրածախ վաճառք, որն իրականացվում է շուրջ 344 տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնք շահագործում են 357 ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (ԱԳԼՃԿ):

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ԱԳԼՃԿ-ների ոլորտ մուտք գործելու և գործունեություն իրականացնելու համար օրենսդրական դաշտի առումով խոչընդոտներ առկա չեն: Սպառողների, ինչպես նաև ԱԳԼՃԿ-ների շահերի պաշտպանության տեսանկյունից խնդիր է նաև այլընտրանքային լաբորատորիայի բացակայությունը:

Քաղաք Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեության ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ.

– Երևան քաղաքում խորանարդ մետրից կիլոգրամի անցման դեպքում որոշ տնտեսվարող սուբյեկտներ վարել են միանման գնային քաղաքականություն այն դեպքում, երբ վերջիններս ունեցել են իրարից տարբերվող ինքնարժեք կազմող ծախսային բաղադրիչներ: Տնտեսվարող սուբյեկտների կողմից 1 կգ գազի իրացման նույն գնի կիրառումը կարող է ենթադրել տնտեսվարող սուբյեկտների միջև առկա գնային հնարավոր համաձայնեցման մասին:

– ՀՀ մարզերում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեության ուսումնասիրության արդյունքները կարող են վկայել 2 խումբ խնդիրների մասին: Նախ՝ որոշ մարզերում տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվում է միանման գնային քաղաքականություն և երկրորդ՝ որոշ մարզերում սեղմված գազը երբեմն իրացվում է էական ցածր գներով, ինչը կարող է որոշակի ռիսկեր պարունակել: Սակայն հաշվի առնելով, որ ոլորտում չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ՝ հանձնաժողովն առավել խորը ուսումնասիրություն չի իրականացրել:

– Քաղաք Երևանում և մարզերում խորանարդ մետրով վաճառքի ժամանակ որոշ տնտեսվարող սուբյեկտների մոտ առկա է եղել բացասական շահութաբերություն, որը հետագայում` կիլոգրամի անցնելիս, հիմնականում փոխվել է: Նշված երևույթը կարող է վկայել խորանարդ մետրով իրացման ժամանակ որոշ գազալցակայաններում առկա ստվերային շրջանառության մասին:

Ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են նաև համապատասխան իրավասու այլ գերատեսչություններին: Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում` http://competition.am/uploads/resources/CompressedGaz_commoditymarket.pdf

Share