Բաժին. Տնտեսական

Տեսանյութ. 2019թ.-ին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.8%-ով

2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.8%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը: Նվազել է միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը։

Այսպես, հունվար-դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.0%-ով և կազմել 2.10 տրլն դրամ, շինարարությունն աճել է 4.6%-ով և կազմել 434.6 մլրդ դրամ, առևտրի շրջանառությունն աճել է 8.9%-ով և կազմել 3.25 տրլն դրամ, բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 15.0%-ով և կազմել 2.06 տրլն ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.2%-ով և կազմել 852.8 մլրդ դրամ։

2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 8,15 մլրդ ԱՄՆ դոլար։ 2018թ.-ի համեմատ ցուցանիշն աճել է 10.4%-ով:

Հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 2.87 մլրդ ԱՄՆ դոլարով:

Նշված ժամանակահատվածում արտահանման ծավալն աճել է 9.4%-ով և կազմել 2.64 մլրդ դոլար, իսկ ներմուծման ծավալն աճել է 10.8%-ով և կազմել 5.51 մլրդ դոլար։

2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182,750 դրամ։ 2018թ.-ի համեմատ արձանագրվել է 5.8% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.4%-ով և կազմել 161,789 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.8%-ով և կազմել 193,288 դրամ։

Share