Բաժին. Տնտեսական

ՏՄՊՊՀ նախագահը ՎԶԵԲ-ի փոխնախագահի հետ քննարկել է տեխնիկական աջակցության ծրագրին վերաբերող հարցեր

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը փետրվարի 7-ին հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Պիեր Հեյլբրոնի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը,  մասնավորապես, քննարկել են ԵՄ ֆինանսավորմամբ «Հայաստանի հետ տեխնիկական համագործակցության գործիք» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում ՎԶԵԲ-ի հետ տնտեսական մրցակցության ոլորտում  իրականացվելիք տեխնիկական աջակցության ծրագրին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարել հետագա համագործակցությունը խորացնելու և ընդյալնելու հնարավորություններին և ուղղություններին:

Պիեր Հեյլբրոնը համառոտ ներկայացրել է Հայաստան կատարած այցի նպատակները, բանկի առաքելությունն ու առաջնահերթությունները՝ շեշտելով մրցակցության դերի կարևորությունը տարբեր ապրանքային շուկաների արդյունավետ գործունեության ապահովման և առհասարակ տնտեսության  համար:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և այս տարիների ընթացքում ներդրած ջանքերը Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությամբ՝ միաժամանակ որպես կարևոր և ուրախալի փաստ շեշտադրելով հաջորդ տարի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ Կառավարիչների խորհրդի որոշումը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՀ ՏՄՊՊՀ-ի գործունեության ընթացիկ հարցերի, կատարված ուսումնասիրությունների, բարեխիղճ և արդար մրցակցության ապահովմանն ուղղված քայլերի, մասնավորապես` միջազգային լավագույն փորձին համահունչ օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

Share