Բաժին. Տնտեսական

Ամփոփվել են «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքները

Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված և BSC բիզնեսի աջակցման կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքները։ Մրցույթի նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ աջակցելով նորարար գաղափարների կյանքի կոչմանը և բարձր տեխնոլոգիաների ոլորտի էկոհամակարգի զարգացմանը:

Դրամաշնորհային ծրագրի առաջին փուլի 244 դիմորդներից անկախ մասնագիտական ժյուրին նախ ընտրել է 16 լավագույններին, որոնց և հնարավորություն է տրվել եզրափակիչ փուլում մրցակցել` հաղթողի կոչմանն արժանանալու համար: 

Փետրվարի 5-ին տեղի է ունեցել մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը: Ամբողջ մրցույթն անցել է բաց, թափանցիկ, մրցակցային պայմաններում:

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է մրցույթի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար:  

-Հայաստանը մեծ ներուժ ունի տեխնոլոգիական աշխարհում գրավելու իր տեղը, որովհետև մենք նորարար ենք, մեր երիտասարդությունը մտածող է, ստեղծագործող է… Ես ամեն օր նոր ոգևորություն եմ ապրում՝ տեսնելով ձեր ջանքերը՝ մեր երկրի տնտեսական մոդելը փոխելու, հանքարդյունաբերականից դեպի բարձր տեխնոլոգիական, նորարարական, գիտելիքահեն երկիր դարձնելու ուղղությամբ, այդ ամենը ծառայեցնելու նաև ռազմարդյունաբերության զարգացմանը՝ մեր երկրի պաշտպանական համակարգը նոր մակարդակի բերելու համար,- նշել է Հակոբ Արշակյանը:

Այնուհետև հայտարարվել են «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրում հաղթած 7 գաղափարները: Դրանք են՝ Bridge42, SimLas, NanoEnergySolarCells, Robin, InvestigateRobot, Pinokit, Dzook: Այս ծրագրերի հեղինակներն արժանացան պատվոգրի և  2,500,000 ՀՀ դրամ դրամաշնորհի՝ իրենց գաղափարը կյանքի կոչելու համար: Նրանք նաև կստանան խորհրդատվություն գործունեության ծավալման ընթացքում, կապեր հաստատելու հնարավորություններ, տեխնոլոգիաների առևտրայնացման ռազմավարությունների մշակման և բիզնեսի զարգացման փորձի փոխանցում:

Նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի բոլոր աջակիցներին՝ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակին, պրոֆեսիոնալ ժյուրիին, BSC բիզնեսի աջակցման կենտրոնին՝ ծրագրի կազմակերպման հարցում աջակցելու համար:

 Նա վստահեցրել է, որ առաջիկայում նման ծրագրեր ևս լինելու են, որոնց  կարող են դիմել նորարարական գաղափար ունեցող բոլոր անհատներն ու թիմերը: Միայն 2020թ.-ի դրամաշնորհային ֆոնդով հայկական ստարտափերին կտրամադրվի շուրջ 1 միլիարդ դրամ՝ իրենց գաղափարների իրականացման համար:

Նշենք, որ «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթի նպատակն  է աջակցել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։ Մրցույթի դիմորդներն արհեստական բանականության, տվյալագիտության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, նանոտեխնոլոգիաների և այլ ոլորտներում գործունեություն ծավալող անհատներն ու խմբերն են:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share