Բաժին. Տնտեսական

Սերգեյ Բագրատյան. Առողջապահությանը միտված օրենքները կարևոր են, բայց պետք է գործեն փուլային` կացնային օրենքները հաջողության չեն հասնում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ զրուցել ենք հակածխախոտային օրենքի տնտեսական նշանակության և կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մասին։

Պատգամավորը գովելի է համարում առողջապահական նշանակություն ունեցող ցանկացած օրենքի ընդունում, բայց նկատում է նաև, որ դրանք հաճախ տնտեսական նշանակություն էլ ունեն։ Այդ հանգամանքի հետ ևս հաշվի նստել է պետք, հատկապես որ ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ծխախոտային բիզնեսով զբաղվողներ կան։

«Հակածխախոտային պայքար պետք է լինի, այս հարցում միակամ ենք, բայց եթե օրենքը միանգամից ամբողջ խստությամբ ենք ընդունում, պետք է հաշվի առնենք, որ ծխողները պետք է այլընտրանքային հնարավորություն ունենան. դժվար է երկար տարիների սովորությունից միանգամից ձերբազատվել։ Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ օրենքն իրագործվի փուլային։ Երբևէ կացնային օրենքները հաջողություն չեն գրանցում։ Օրենքը տնտեսվարողների շրջանում խնդիրներ կարող է առաջացնել, քանի որ իրացման ծավալները կնվազեն, համապատասխանաբար վճարվող հարկերի ծավալն էլ կնվազի, իսկ մենք 1000 խոշոր հարկատուների ցանկում ծխախոտային բիզնեսով զբաղվողներ ունենք», – նկատում է պատգամավորն ու ավելացնում՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքը ոչ միայն առողջապահական, այլ նաև տնտեսական ազդեցություն կունենա։

Ի դեպ, առողջապահական ոլորտը մեծ ազդեցություն ունի նաև համաշխարհային տնտեսության վրա։ Չինաստանի տնտեսությունն ախտահարած կորոնավիրուսը ազդել է նաև համաշխարհային տնտեսության վրա, թեև դրա չափը գնահատել առայժմ դժվար է։ Սերգեյ Բագրատյանը հույս ունի, որ կորոնավիրուսը համաշխարհային տնտեսական ճգնաժամի չի հանգեցնի, բայց եթե կորոնավիրուսը մեր տնտեսական գործընկեր ՌԴ-ում եղած դեպքերով չսահմանափակվի, ապա չի բացառվում, որ վիրուսի տնտեսական հետևանքները զգա նաև Հայաստանը։

Share