Բաժին. Տնտեսական

Հակոբ Արշակյանն աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Արցախի Հանրապետություն: Այցի շրջանակներում նախարարը հանդիպել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանին, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանին, այցելել Արցախում գործող մի շարք ձեռնարկություններ:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում գիտատար ոլորտների զարգացմանը և այս համատեքստում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, Արցախի և Հայաստանի զինված ուժերի, ռազմարդյունաբերական համալիրի կոորդինացված մոտեցման մշակման հնարավորություններ:

Հակոբ Արշակյանը հանդիպել է նաև ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը: Քննարկվել են մի շարք ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու, ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հաջողված փորձը տեղայնացնելու, Արցախի երիտասարդների մտավոր ներուժը լիարժեք օգտագործելու և այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Կողմերը կարևորել են նման ձևաչափով հանդիպումներն ու ոլորտային մասնագետների փոխայցելությունները, ինչը հնարավորություն կտա ապահովելու տեխնոլոգիական, ինժեներական կրթության, ռազմարդյունաբերության ոլորտներում և ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերում Արցախի երիտասարդների ներկայացվածությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտային փոխգործակցությունը նոր հարթություն տեղափոխելու ուղղությամբ՝ որպես առաջին քայլ նշելով խնդիրները գույքագրելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև կապի հասանելիության և փոստային ծառայությունների ոլորտի զարգացման ծրագրերին:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԲՏԱ նախարարն այցելել է նաև Արցախում գործող մի շարք ձեռնարկություններ, Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրամ, ծանոթացել կենտրոնի սարքավորումների հագեցվածությանը, զրուցել աշխատակիցների հետ: Քննարկվել են ՏՏ ոլորտի մի շարք խնդիրներ, բիզնես ինկուբացիոն ծառայություններին և տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը վերաբերող հարցեր:

Share