Բաժին. Տնտեսական

Գյուղատնտեսության զարգացման համար տնտեսագետն առաջարկում է գազի գոտիացված գների սահմանում

 Հայաստանում լեռնային և սահմանային գոտիներում գյուղատնտեսությունն էներգակիրների բարձր գնի պատճառով մրցունակ չէ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը:

«Իմ առաջարկն այն է, որ մտցվեն, հատկապես գազի հետ կապված, գոտիացված, սեզոնային գներ: Դա իսկապես կաջակցի գյուղատնտեսության զարգացմանը լեռնային և սահմանային գոտիներում: Դա մրցունակության առումով ոլորտի արտադրողներին կդնի հավասար հարթությունում»,-ասաց Աշոտ Թավադյանը:

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ գյուղատնտեսության ոլորտը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի: Նա կարևորեց ոլորտում ապահովագրության ներդրումը՝ նշելով, որ այստեղ դրվատանքի է արժանի այն, որ պետությունը կիսում է ապահովագրական ռիսկերը:

«Բայց ոլորտի անկումը կրճատելու և այն զարգացման տանելու համար ոչ միայն ապահովագրություն է պետք: Շատ կարևոր եմ համարում վերջապես Հայաստանում ագրարային քաղաքականության մշակումը և իրականացումը: Շատ էական նշանակություն ունի ուղղությունների թիրախավորումը՝ սկսած պարենային անվտանգությունից, վերջացրած ըստ տարածքների քարտեզագրումով, անձնագրավորումով և մրցակցային առավելությունների հաշվառումով»,-ասաց Թաթուլ Մանասերյանը: 

Նրա խոսքով, բավական մեծ է ներուժը վերամշակող արդյունաբերության մասով: Մասնագետն անհրաժեշտ է համարում առաջին հերթին գյուղատնտեսության ոլորտի և ենթաոլորտների ներուժի հավաքագրումը, հատկապես, երբ կա պահանջարկ:

«Շատ է խոսվում ԵԱՏՄ տարածքում մեր գյուղատնտեսական արտադրանքի պահանջարկի մասին, սակայն բավական մեծ պահանջարկ կա նաև Մերձավոր Արևելքում: Կարծում եմ՝ պատշաճ քայլերը ճիշտ համակարգելու դեպքում կկարողանանք գյուղատնտեսության ոլորտը բարձրացնել»,-ասաց Թաթուլ Մանասերյանը:

Վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը նշեց, որ Հայաստանում գյուղատնտեսության ծավալների անկումն առաջին տարին չէ, որ գրանցվել է: 2017 թվականին եղել է կես տոկոս, 2018 թվականին 1.5 տոկոս, իսկ 2019 թվականին 4 տոկոս: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է փորձագիտական հանրության հավաք՝  հետազոտություն անցկացնելու և հասկանալու, թե ինչ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկել ոլորտի անկման ծավալները փոքրացնելու, այն զարգացման ճանապարհով տանելու համար:

Share