Բաժին. Տնտեսական

Հայկական ձկնամթերքի պահանջարկը Ռուսաստանում գնալով մեծանում է

Հայաստանից արտահանված թարմ ձուկն ու ձկնամթերքը Ռուսաստանի տարբեր քաղաքներում արագ տեմպերով սպառվում են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Գլոբալ ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Ասատրյանը նշեց, որ, պահանջարկից ելնելով, նախատեսում են ընդլայնել արտահանման ծավալները:

«2019 թվականին ավելի քան 2 հազար տոննա ձուկ, ձկնամթերք ենք գնել ձկնաբույծներից, տեղում ունենք 30-ից ավելի գործընկերներ, որոնք, պահանջարկը տեսնելով, պատրաստվում են ընդլայնել իրենց գործունեությունը: Մենք այսօր պատվերներ ունենք Ռուսաստանի ամենատարբեր քաղաքներից, նույնիսկ Վլադիվոստոկից, որը համարվում է ձկնարտադրության կենտրոն: Այնտեղ նույնպես Հայաստանից արտահանվող ձկների նկատմամբ հետաքրքրություն կա: Արտահանում ենք թառափ, ստերլետ, իշխան ու իշխանի ձկնկիթ»,-ասաց Արամ Ասատրյանը:

Նա նշեց, որ 2019 թվականին Ռուսաստանում իրացրած ապրանքի շնորհիվ 402 մլն ռուբլի տրանսֆեր է եղել, և այդքան գումար Հայաստանի տնտեսության մեջ է ներդրվում: Ընկերությունն արդեն ունի 30 աշխատատեղ: Առաջիկայում նախատեսում է ընդլայնվել՝ հիմնելով երկրորդ արտադրամասը: Արդյունքում կբացվի ևս 22 աշխատատեղ:

Արամ Ասատրյանը նշեց, որ Հայաստանում գործարար միջավայրի համար ստեղծված են բարենպաստ պայմաններ: Նախատեսում են ձուկ, ձկնամթերքից բացի արտահանել գյուղատնտեսական ապրանքներ, մասնավորապես, բանջարեղեն, միրգ, կանաչեղեն: Այնպիսի պայմաններում են արտահանումը կազմակերպում, որ ապրանքը սպառողին հասնի թարմ վիճակում:

Share