Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, Հայաստանի տարածքի 90 դեղատանը, ինչպես նաև դեղատնային ցանցերում իրականացված դիտանցման արդյունքում պարզվել է, որ խոշոր ցանցերը դիմակների գները չեն բարձրացրել, սակայն կա դրանց դեֆիցիտ:
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
«Դեղատներում մարտի 1-ին իրականացված դիտանցման արդյունքում պարզել ենք, որ ոչ խոշոր վաճառողների կողմից դիմակներ են արտահանվել: Արձանագրել ենք նաև, որ որևէ խոշոր ներմուծողի մոտ դիմակի գները չեն բարձրացվել: Այս պահին կան ցանցեր, որտեղ դիմակ չկա, բայց գները չեն աճել»,- նշեց Գևորգյանը:
Նրա խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում այն տեղեկությունը, թե ստեղծվում է դիմակների արհեստական դեֆիցիտ կամ առկա է գների չհիմնավորված բարձրացում: «Փոքր դեղատներում կա դիմակների գների բարձրացում, օրինակ՝ մինչև 200 կամ 300 դրամ: Այս պահին բանակցություններ ենք վարում մեր դրսի գործընկերներին հետ, որպեսզի ՀՀ-ի ներմուծողները կարողանան դիմակների նոր խմբաքանակ բերել: Դրսի գործընկերները հայտնում են, որ ամբողջ աշխարհում կա դիմակների դեֆիցիտ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը:
Գևորգյանը նաև շեշտեց, որ Առողջապահության նախարարությունն ունի պահեստավորված դիմակների քանակ, պետական ռեզերվում դրանց պակասը չկա:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր ինքնաթիռում շփվել են այդ տղամարդու հետ: Այս պահին թեստավորվել է ևս 9 հոգի, և այժմ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովում սպասում են դրանց պատասխաններին: