Բաժին. Տնտեսական

Գեղամ Գևորգյան. Հայաստանում այս պահին ալկոգելի դեֆիցիտ չկա

Հայաստանում ախտահանիչ նյութերի դեֆիցիտ առաջացել է կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտարարությունից հետո, սակայն այս պահին դեղատներում ալկոգել առկա է:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

«Ախտահանիչ նյութերի դեֆիցիտ մինչ այս չկար, առաջին վարակակրի լուրից հետո այն սկսեց արագ սպառվել, բայց իրավիճակն այսօր այլ է՝ դեղատներում կան ախտահանիչ նյութեր», -ասաց Գևորգյանը և հավելեց, որ ալկոգելի նման պահանջարկ երբեք չի եղել:

Նրա խոսքով՝ մարդիկ գրոհում են դեղատները և տոպրակներով ու մեծ քանակով ալկոգել են գնում: Գևորգյանը նշեց, որ այսօր առավոտից նոր խմբաքանակների մատակարարումներ են եղել, իսկ տեղական արտադրողը վերազինվում է` ավելի մեծ ծավալի արտադրություն սկսելու համար։

Հայաստանում, ՏՄՊՊՀ տվյալներով, ախտահանիչ նյութեր (ալկոգել) արտադրում է 3 ընկերություն, որոնք գները չեն բարձրացրել ու չեն էլ բարձրացնելու։

Անդրադառնալով այլ ապրանքներին, Գևորգյանը նշեց, որ ավելորդ գնումների կարիք չկա:

«Շաքարի քանակը Հայաստանում այնքան է, որ մեկ տարի կբավականացնի, նույնը վերավերում է նաև ալյուրին: Հետևաբար, մեծ ծավալի գնումներ անել պետք չէ: Դեղերը այս պրոցեսի հետ կապ չունեն. սխտորով Նարինեն, առկա է, թե չէ, մեզ դա էլ են հարցնում: Երբ խանութից առևտուր եք անում, մի փաստ բերեք, որ որևէ ապրանք թանկացել է, նման բան չկա: Խոսքը, իհարկե, մարզերում գործող փոքր խանութների մասին չէ, որտեղ մենք վերահսկողություն չենք իրականացնում»,- նկատեց ՏՄՊՊՀ նախագահը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 1-ի վաղ առավոտյան: Վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում մեկուսացվել է 32 մարդ, ովքեր ինքնաթիռում շփվել են այդ տղամարդու հետ: Այս պահին թեստավորվել է ևս 9 հոգի, և այժմ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովում սպասում են դրանց պատասխաններին:

Share