Բաժին. Տնտեսական

Ժողովուրդ․ ՀԴՄ նոր սերնդի սարքերի ձեռքբերումը տնտեսվարողների համար անհնարին է դարձել

«Հայաստանում ՀԴՄ նոր սերնդի սարքերի ձեռքբերումը տնտեսվարողների համար դարձել է անհնարին: Խնդրի առաջ են կանգնել նաև այն տնտեսվարողները, որոնք ամիսներ առաջ սարք ձեռք բերելու համար վճարել են 60 հազար դրամի չափով կանխավճար: Պարզվում է՝ առայժմ պետության կողմից լիցենզավորված ընկերություններից միայն մեկն է ՀԴՄ նոր սերնդի սարք ներկրել և վաճառում:

Այսինքն՝ ՀՀ-ում ՀԴՄ-ների շուկան ազատականացնելու դեպքում էլ սարքերի դեֆիցիտ է, և արդեն մի քանի ամիս է՝ ՊԵԿ-ը չի կարողանում լուծել այս խնդիրը: Այս խնդրի շուրջ «ժողովուրդ» օրաթեր­թը զրուցեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ստելլա Համբարձումյանի հետ:

«ՀԴՄ նոր սերնդի սարքի ար­ժեքը 148 հազար դրամ է, դրանք մասնավոր ընկերություններն են բերում, ՊՈԱԿ-ը այլևս սարք չի բերում: Եթե տնտեսվարողներն ունեն կանխավճար՝ մուծած ՊՈԱԿ-ին, ապա կարող են գալ և դիմում գրել, իրենց գումարները մենք հետ ենք վերադարձնում»,- նշեց նա:

Այսինքն՝ տնտեսվարողը եթե 60 հազար դրամ ամիսներ առաջ մուծել է՝ հույս ունենալով, որ պետությունը կսուբսիդավորի, և ինքը այդ գնով էլ ձեռք կբերի ՀԴՄ սարք, այժմ ստիպված է լինելու 60 հազար դրամին ավելացնել 88 հազար դրամ և գնել սարքը: Մեզ մնում է արձանագրել, որ դաշտը թեև ազատականացված է, բայց շարունակում է գտն­վել բարձիթողի վիճակում, և արդեն մի քանի ամիս է՝ վերահսկողությունից դուրս է», – գրում է թերթը։

Share