Բաժին. Տնտեսական

ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի սեփականատերերի բացահայտման օրինագիծը ուղարկվեց առաջարկությունների ներկայացման փուլ

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է էներգետիկայի բնագավառում արտադրություն իրականացնողների իրական բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել թափանցիկ՝ ըստ էության բացահայտելով իրական սեփականատերերին, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը չընդունվեց և հեղինակի առաջարկությամբ ուղարկվեց գրավոր առաջարկությունների ներկայացման փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը քվեարկության դրվեց ԱԺ մարտի 4-ի նիստում:

Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնող ընկերություններում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները կդառնան թափանցիկ, կլինի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:

Քվեարկությունից առաջ համահեղինակ Արտակ Մանուկյանը կոչ արեց պատգամավորներին դեմ քվեարկել օրինագծին, որից հետո ինքը պետք է առաջարկեր, որ նախագիծը գնար առաջին ընթերցման ռեժիմ և փոփոխություն արվեր:

Պատգամավորները, հետևելով գործընկերոջ հորդորին, չընդունեցին նախագիծը, և Մանուկյանի առաջարկությամբ ԱԺ նախագահը ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ օրինագիծը գրավոր առաջարկությունների ներկայացման փուլ ուղարկելու հարցը քվեարկության դրեց: Որոշումը ստացավ հավանություն, կողմ քվեարկեց 99 պատգամավոր ,ձեռնպահ՝1-ը:  Այսպիսով` նախագիծն ուղարկվեց առաջարկությունների ներկայացման փուլ:

Share