Բաժին. Տնտեսական

Կառավարությունը երկու շաբաթում կամփոփի սպանդանոցների կառուցման կանոնակարգումը

Սպանդանոցների կառուցման գործընթացքում դեռ կանոնակարգման ենթակա երկու խնդիր կա, որոնք կառավարությունը կամփոփի երկու շաբաթվա ընթացքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ:

«Սպանդանոցները կառուցվում են: Եվ կա երկու խնդիր, որոնք լրացուցիչ կանոնակարգման անհրաժեշտություն ունեն: Դրանից մեկն այն է, թե ինչպես պետք է անենք, որ գյուղնշանակության հողերի վրա կառուցումն այդ հողն այլ նպատակով օգտագործելու առիթ չլինի: Բայց, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է պարզեցված ընթացակարգ այդ հողի վրա կառուցելու թույլտվություն ստանալու համար»,-ասաց Գրիգորյանը:

Ըստ փոխվարչապետի՝ երկրորդը տիպային նախագծի խնդիրն է: «Կարծում եմ, որ մոտ 2 շաբաթվա ընթացքում այդ կանոնակարգման հարցերն էլ կամփոփենք, և կունենանք շարժական, մոդուլային և ստացիոնար սպանդանոցների հարցի կարգավորման վերջնական կանոնակարգում»,-ասաց նա:

2020 թվականին հունվարի 15-ից մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն էր սահմանվել, արգելվել էր բակային մորթը: Սա սակայն հարուցել էր որոշ անասնապահների և մսավաճառների դժգոհությունը, նրանք ակցիաներ էին իրականացնում՝ չցանկանալով մորթն իրականացնել սպանդանոցներում: Նրանք մատնանշում են որոշ խնդիրներ, այդ թվում՝ կենդանիներ տեղափոխելն ու սպանդանոցների քիչ լինելը: Այս բողոքներին արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ բողոքող քաղաքացիների համար առաջարկ էր արել: Նա մասնավորապես հայտնել էր, որ գործադիրը մտադիր է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը` բացառությամբ Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի վարերի: Վարչապետը նաև նշել էր, որ մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ:

Share