Բաժին. Տնտեսական

Արա Մարջանյան․ Հայաստանին արդեն անհրաժեշտ է մտածել նոր ԱԷԿ կառուցելու մասին

Հայաստանն արդեն այսօր պետք է մտածի ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման մասին։ «Հայաստանում ատոմային ճյուղի զարգացման հեռանկարները» թեմայով անցկացված պանելային քննարկման ընթացքում հայտարարել է էներգետիկայի հարցով ՄԱԿ-ի միջազգային փորձագետ Արա Մարջանյանը։

Նրա խոսքով, ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը զուգահեռ, անհրաժեշտ է հիմա արդեն կողմնորոշվել նոր էներգաբլոկի կառուցման հարցում։ «Հայաստանը չունի բավարար չափով բնական առաջնային էներգակիրների պաշարներ, և տնտեսությանը մրցունակ գներով էլեկտրաէներգիայով ապահովելը երկրի համար ռազմավարական կարևոր որոշում է։ Իր հերթին, հրաժարումն ատոմային էնեգետիկայից, երկրի համար հղի է լուրջ էներգետիկ ու տնտեսական, ինչպես նաև էներգետիկ անվտանգության կորուստներով»,-նշել է Մարջանյանը։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի ու ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որի կետերից մեկի պահանջն է՝ փակել ՀԱԷԿ-ը 2026 թվականին, ապա ըստ Մարջանյանի, նպատակահարմար չէ փակել հայկական ԱԷԿ-ը, չունենալով դրա հզորություններին համարժեք փոխարինող։ Ինչ վերաբերում է վերականգնվող էներգիայի աղբյուրներին, փորձագետի խոսքով, ոչ արևային և ոչ քամու միջոցով ստացվող էներգետիկան և ոչ էլ փոքր ՀԷԿ-երը չունեն այնպիսի երաշխավորված հզորություն, որքան ունի ԱԷԿ-ը, հետևաբար չեն կարող փոխարինել ատոմային էներգետիկային։

Հիշեցնենք, պանելային քննարկումն անցկացվել է փետրվարի վերջին՝ «Ռոսատոմ» պետկորպորացիայի և «ԱԷԿ-ների շահագործման հարցերով զբաղվող «Արմատոմ» ՓԲԸ հայկական գիտահետազոտական ինստիտուտի աջակցությամբ։

Share