Բաժին. Տնտեսական

Արտեմ Պետրոսյան․ Առանց ատոմային էներգետիկայի անհնար է կանխել գլոբալ էկոլոգիական սպառնալիքները

Առաջիկա 20 տարիներին աշխարհում էներգիայի սպառումը կավելանա շուրջ 30 տոկոսով, և ապահովել էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը հնարավոր է միայն միջուկային տեխնոլոգիաների օգնությամբ։ «Հայաստանում ատոմային ճյուղի զարգացման հեռանկարները» թեմայով անցկացված պանելային քննարկման ընթացքում հայտարարել է «Հայաստանի էներգետիկ գործակալություն» Հիմնադրամի ատոմային էներգետիկայի ոլոտում նախագծերի ղեկավար Արտեմ Պետրոսյանը։ Նրա խոսքով, ոլորտի զարգացումը թույլ կտա ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը, չավելացնելով վնասակար արտանետումների մակարդակը։

«Ջերմոցային գազերի արտանետումների աճը հանգեցնում է գլոբալ տաքացմանը, սառույցների հալոցքը և այլ անշրջելի բնապահպանական հետևանքների, սակայն, հնարավոր է, մենք դեռ կարող ենք կասեցնել այդ աղետը։ Անհրաժեշտ է կրճատել էներգիայի ածխաջրածնային աղբյուրների օգտագործումը և զարգացնել միջուկի, արևի, քամու և ջրի էներգիան, այս կերպ կրճատելով ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ», – նշեց Արտեմ Պետրոսյանը։ Նա հիշեցրեց, որ կլիմայի փոփոխության Պարիզյան համաձայնագրի շրջանակում երկրների մեծամասնությունը ստանձնել են CO2 արտանետուների կրճատման պարտավորություններ։ Կատարել պաևտավորությունները և միաժամանակ լուծել էլեկտրաէներգիայի արտադրության ավելացման խնդիրը հնարավոր է միայն էլեկտրաէներգիայի արտադրության համաշխարհային բալանսի կառուցվածքի փոփոխության միջոցով։

Փորձագետի խոսքով, ապագայի էներգիայի հանդեպ պահանջները կարտահայտվեն կայուն արտադրությամբ, տնտեսապես գրավիչ և կանխատեսելի գնով, իսկ դրա ստացման եղանակը պետք է լինի էկոլոգիապես մաքուր։ Նա ընդգծեց, որ հենց միջուկային էներգիան է համապատասխանում այդ բոլոր չափանիշներին։

Խոսելով Հայաստանում էլեկտրաէներգիայի գեներացիայի մասին, Արտեմ Պետրոսյանը նշեց, որ Հայկական ԱԷԿ-ի բաժին է ընկնում դրվացքային հզորությունների 13 տոկոսից պակաս, սակայն կայանը արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի ավելի քան 30 տոկոսը։ «Այդ հարաբերակցությունը վկայում է, թե որքան կարևոր է մեզ համար ատոմային էներգետիկան այսօր, իսկ ապագայում դրա պահանջվածությունը միայն աճելու է», – եզրակացրեց փորձագետը։

Share