Բաժին. Տնտեսական

Էկոնոմիկայի նախարարությունը՝ ռուբլու արժեզրկման մասին. Իրականացվում է համակողմանի վերլուծություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նավթի համաշխարհային գների անկմամբ պայմանավորված ռուբլու արժեզրկման խնդրով իրականացնում է համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցի հայաստանյան արտադրողներին և արտահանողներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրավիճակն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:

Օհանյանը նախ նշեց՝ Ռուսաստանի դաշնությունը մեր հիմնական առևտրային գործընկերներից է, և մեր պատրաստի արտադրանքի զգալի մասի շուկան Եվրասիական տնտեսական միությունն է և, մասնավորապես, Ռուսաստանը: Բնականաբար,  այնտեղ տեղի ունեցող փոփոխությունները չեն կարող շրջանցել մեր տնտեսությունը: «Այլ հավասար պայմաններում ռուբլու արժեզրկումը այլ հիմնական արտարժույթների նկատմամբ կարող է ազդել հայաստանյան արտադրողների մրցունակության վրա: Ամեն ինչ կախված է նրանից, թե նշված փոփոխությունները որքանով են կարճաժամկետ կամ երկարաժամկետ: Հաշվի առնելով, որ փոփոխությանը նախորդել է նավթի համաշխարհային գների անկումը՝ պետք է սպասել, որ նավթի գների վերականագնման հետ միասին կվերականգնվի նաև ռուբլու գնողունակությունը»,-ասաց Օհանյանը:

Նա նկատեց՝ նման իրավիճակներում կարճաժամկետ գնահատականները չեն կարող արտացոլել իրավիճակի բոլոր կողմերը: «Ուստի մենք իրականացնում ենք իրավիճակի համակողմանի վերլուծություն, որպեսզի ճիշտ ազդակներ փոխանցենք մեր արտադրողների և արտահանողներին»,-ասաց նա:

Օհանյանը վսահեցրեց՝  շարունակում են հետևել զարգացումների և առաջիկայում կներկայացնեն իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականները, որպեսզի մասնավոր հատվածում ձևավորվող սպասումները լինեն օբյեկտիվ և իրավիճակին համապատասխան»

«Ակնհայտ է, որ այս օրերին նկատվող զարգացումները ևս մեկ անգամ ընդգծում են մեր ապրանքների և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման կարևորությունը»,-նկատեց նա:

Նավթի համաշխարհաին գները նվազել են շուրջ 30 տոկոսով: Forex միջազգային շուկայում դոլարի փոխարժեքն աճել է 9,5 տոկոսով եւ գերազանցել 75 ռուբլու նշագիծը: Եվրոյի փոխարժեքը վեր է բարձրացել 85 ռուբլուց (փակման նախորդ նստաշրջանի մակարդակի նկատմամբ աճը կազմել Է 10 տոկոս): Վերջին անգամ դոլարի փոխարժեքը 75 ռուբլուց բարձր Է եղել 2016 թվականի մարտին, իսկ եվրոյի փոխարժեքը 85 ռուբլին գերազանցել Է նույն տարվա փետրվարին:

Երեւանի ժամանակով 11:57-ի դրությամբ դոլարը վաճառվում Էր 75,22 ռուբլով (+9,8 տոկոս):

Եվրոյի փոխարժեքը գտնվում Էր 86 ռուբլու նշագծին (+11,2 տոկոս): Ռուբլին ամերիկյան եւ եվրոպական արժույթների նկատմամբ Էժանանում Է նավթի համաշխարհային գների փլուզման ֆոնին:

Share