Բաժին. Տնտեսական

Սուրեն Պարսյանը՝ նավթի համաշխարհային գների պատճառների մասին

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նավթի համաշխարհային գների անկման համար տեսնում է երկու հիմնական պատճառ` ակնհայտ և ոչ ակնհայտ տնտեսական պատերազմներ և կորոնավիրուսը: Հայաստանի տնտեսությունը, արտահանողները անմասն չեն մնում սրա բացասական ազդեցությունից: Տնտեսագետը կարծում է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի:

«Երկուշաբթի օրը արձանագրվեց նավթի գների բավականին մեծ անկում, սա աննախադեպ էր: Առաջին պատճառն այն է, որ վերջին տարիներին տեղի են ունենում ակնհայտ և ոչ ակնհայտ տնտեսական պատերազմներ` ԱՄՆ-Չինաստան, ԱՄՆ-ԵՄ, ԱՄՆ-Ռուսաստան և այլն, ինչը զսպում է համաշխարհային տնտեսական աճի տեմպերը: Նավթի նկատմամբ լրացուցիչ պահանջարկ չի ստեղծում, դրան զուգահեռ նավթարդյունաբերությունը չի դադարեցնում տեմպը:

Երկրորդ պատճառը կորոնավիրուսն է, ինչը լուրջ հարված հասցրեց այնպիսի տնտեսություններին, ինչպիսին Չինաստանինն է»,-ասաց Պարսյանը:

Նա նկատեց` կորոնավիրուսի տարածման պայմաններում ուղղակի հարված է  հասցվում երկու ոլորտի` տրանսպորտին և զբոսաշրջությանը: Իսկ այդ երկու ոլորտները որոշակի պահանջարկ են ներկայացնում նավթի նկատմամբ: Հատկապես տրանսպորտի անկումը իր հերթին բերում է  նավթի նկատմամբ պահանջարկի նվազեցման, ինչը շղթայաբար բերում է  գնի նվազման:

«Մարտի 6-ին «ՕՊԵԿ+» -ի (ՕՊԵԿ ` Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) շրջանակում քննարկվում էր նավթի ծավալների նվազեցման հարցը: ՕՊԵԿ երկրները պահանջ էին ներկայացրել Ռուսաստանին` նվազեցնելու  նավթի արդյունահանման ծավալները: Սակայն ռուսական կողմը մերժեց, և Սաուդյան Արաբիան որոշում կայացրեց պատժել այդ մոտեցումը, ավելացրեց իր արդյունահանման ծավալները, ինչը կտրուկ գնանկման պատճառ հանդիսացավ, քանի որ կար նաև շուկայում պահանջարկի նվազում»,-ասաց Պարսյանը:

Մարտի 10-ին նավթային շուկայում որոշակի կայունացում գրանցվեց, գների 2-3 դոլարի չափով ավելացում եղավ: Պարսյանը սա համարեց դրական ազդակ է նավթ արդյունահանող երկրների համար, որ չպետք է խուճապի մատնվել: Նրա կարծիքով` գների որոշակի բարձրացմանը բերեց նաև այն տեղեկատվական հոսքը, որ Ռուսաստանը կարող է ևս մեկ անգամ քննարկել  այս հարցը Սաուդյան Արաբիայի հետ:

Տնտեսագետը նկատեց, որ նավթի գները ազդեցին նաև այլ ապրանքային շուկաների վրա, օրինակ, պղնձի շուկայի վրա, երկուշաբթի 150 դոլարի անկում գրանցվեց: «Սա մեզ համար առավել մեծ նշանակություն ունի, քանի որ մեր արտահանման 24 տոկոսը պղնձի խտանյութն է: Դա մեր արտահանման մեջ մեծ տեսակարար կշիռն է: Դա մեծ հարված կհասցնի մեր տնտեսության արտարժութային հոսքերին»,-ասաց նա ու նշեց, որ 2019-ի Հայաստանն ավելացրել է պղնձից մեր տնտեսության կախվածությունը:

Նավթի գների անկմանը զուգահեռ արժեզրկվեց նաև ռուսաստանյան ռուբլին: Նա նկատեց, որ ռուսական ռուբլին 2019-ին արժեզրկվել էր մոտ 16 տոկոսի չափով այն դեպքում, երբ դրամը արժևորվել էր, ինչի արդյունքում հայկական ապրանքների մրցակցային առավելությունը ռուսական շուկայում նվազում է, հայկական ապրանքներն ավելի թանկ են դառնում այդ շուկայում: Չնայած դրան` նախորդ տարում Հայաստանն ունեցել է դեպի Ռուսաստան արտահանման աճ: «Տարեկան Ռուսաստանից Հայաստան է փոխանցվում մոտ 1 մլրդ դոլարի չափով տրանսֆեր, որի գերակշիռ մասը ռուբլիով է: Եվ, բնականաբար, ռուբլու արժեզրկումը կնվազեցնի այդ ռուբլին ստացող ընտանիքների գնողունակությունը: Մեր առևտրաշրջանառության 70 տոկոսը իրականացվում է ռուբլիով, և ռուբլու արժեզրկումը կնպաստի, որ ռուսական ապրանքները ավելի էժանանան հայկական շուկայում: Սա միանշանակ մրցակցային առավելություն կստեղծի ռուսական ապրանքների համար, և մեր տեղական արտադրանքը դուրս կմնա»,-ասաց նա:

Պարսյանը նկատեց` եթե հայկական կողմն իր հերթին նախաձեռնի դրամի արժեզրկում, սա կբերի գնաճ, սոցիալական խնդիրների սրում: «Մեր տնտեսությունը, ըստ էության, կանգնած է երկու քարի առաջ և պետք է լուծումը գտնի: Կամ դրամի արժեզրկման պայմաններում գների աճ պետք է տեղի ունենա, և պետությունը սոցիալապես խոցելի խմբերի համար պետք է մեղմի այդ գնաճային ճնշումները, կամ պետությունը, պահպանելով այս արժևորված դրամի կուրսը, մեծ վնաս կհասցնի արտահանողներին: Այս խնդիրը կա տնտեսության առաջ»,-ասաց տնտեսագետն ու կարծիք հայտնեց, որ առաջին տարբերակն ավելի նախընտրելի է:

Share