Բաժին. Տնտեսական

«Պտղատու ծառերի էտ և ձևավորում» թեմայով խմբային դասընթաց Արմավիրում

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության  գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչությունը 2019 թվականի նոյեմբերից հանրապետության տարբեր մարզերում կազմակերպում և իրականացնում է «Պտղատու ծառերի էտի և ձևավորման» թեմայով վերապատրաստման դասընթացներ՝ վարչության բաժինների մասնագետների և տնտեսվարողների համար: Դասընթացների նպատակն է՝ ծանոթացնել մասնակիցներին պտղատու ծառերի ճիշտ էտի աշխատանքների իրականացման գործընթացին, ինչը կնպաստի  բերքատվության բարձրացմանը: Դասընթացներն իրականացվում են բաց դաշտում՝ պտղատու այգիներում:

Մարտի 10-ին հերթական դասընթացը կազմակերպվել է Արմավիրի մարզում, որին մասնակցել են Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը, Արմավիրի մարզային բաժնի մասնագետներ  ու ֆերմերներ։

Ներկայացնելով դասընթացի նպատակը՝  Հայկ Ղևոնդյանը նշել է.  «Էկոնոմիկայի նախարարությունը մարզերում պարբերաբար կազմակերպում է տարբեր թեմաներով դասընթացներ։ Թեմաների ընտրությունն իրակացվում է ինչպես ֆերմերների առաջարկով, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող այլ անձանց և գիտնականների առաջարկների հիման վրա: Դասընթացների նպատակը նորարարական մոտեցումների և ավելի արդյունավետ գյուղատնտեսություն վարելու վերաբերյալ շահառուների լայն շրջանակներում տեղեկատվություն տարածելն է»:

Օրվա դասընթացը վարել է նախարարության այգեգործության գծով խորհրդատու Սպարտակ Զախարյանը։ Հաշվի առնելով Հայաստանում մշակվող պտղատու մշակաբույսերի տեսակները, դասընթացի ընթացքում մասնագետն անդրադարձել է ծիրանենու, խնձորենու, դեղձենու և այլ պտղատու ծառատեսակների էտի և ձևավորման առանձնահատկություններին, ինչպես նաև սխալ էտի հետևանքով առաջացող խնդիրներին։

Սպարտակ Զախարյանը նշել է, որ այգեգործության հիմնական նպատակը բերքի ստացումն է, ոչ թե փայտանյութի. հողից կլանվող սննդանյութերը ամբողջովին պետք է ծառայեն բերքատվությանը: Նրա խոսքով՝ էտի ձևավորման աշխատանքները հարկավոր է կատարել բույսերի հանգստի շրջանում։

Մասնագետը հորդորել է էտի ձևավորումից հետո սկսել վաղ գարնանային բուժման աշխատանքները՝ վնասատուներից և սնկային հիվանդություններից խուսափելու համար։

Ցանկացողները կարող են մասնակցել դասընթացներին և ձեռք բերել գրագետ գյուղատնտեսություն վարելու հմտություններ:

Share