Բաժին. Տնտեսական

Forbes-ը Գյումրին ընդգրկել է գարնանն այցելելու համար ամենագեղեցիկ վայրերի ցանկում

Forbes ամերիկյան բիզնես ամսագիրը կազմել է 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկը, ուր կարելի է մեկնել գարնանը՝ ընդգրկելով նաև Գյումրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցանկը ստեղծվել է զբոսաշրջության ոլորտի փորձագետների կարծիքների հիման վրա։

«Գերմանիայից և Հունաստանից դեպի Գյումրի բյուջետային ավիաուղիների նոր չվերթերի մեկնարկով Հայաստանի երկրորդ քաղաքը, վերջապես, հայտնվել է ուշադրության կենտրոնում և այլևս չի ասոցացվում միայն 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետ: Գարունը ֆանտաստիկ ժամանակ է Գյումրի այցելելու համար, երբ խիստ ձմեռները հանդարտվում են և քաղաքը լցվում է ծաղիկներով ու բոլորը պատրաստվում են Զատիկի տոնին, որը նշում են հյութեղ մրգերով և փլավի առատ ափսեներով: Գյումրին հայտնի է իր կոլորիտով ու մշակութային հաստատություններով, համեղ ուտեստներով և հումորով գյումրեցիներով»,- ասված է հոդվածում։

Հոդվածի հեղինակը խորհուրդ է տալիս Գյումրիում համտեսել տեղի պանրխաշը՝ պատրաստված պանրից և լավաշից:

Forbes-ի 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում ընդգրկված են նաև Լոնդոնը, Վանկուվերը, Թբիլիսին, Մեխիկոն, ինչպես նաև Մարոկկոյի, Իսլանդիայի, Պակիստանի, ԱՄՆ-ի և Պերուի մի շարք քաղաքներ:

Share