Բաժին. Տնտեսական

Կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող երկու ընկերություն ներառեց «ԷԿՈՍ» ԱՏԳ-ում

Կառավարությունը «ԳԼՈԲԱԼ ՄԱՐԿԵՏՓԼԵՅՍ» և «ՅՈՒ-ՌՈԲՈՏ» ընկերություններին ներառեց «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար:

Երկու ընկերությունների համար շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի:

Հրազդան քաղաքում ստեղծված «ԷԿՈՍ» ԱՏԳ-ի մեկնարկը տրվել է 2019 թվականի հունվարին:

«ԳԼՈԲԱԼ ՄԱՐԿԵՏՓԼԵՅՍ»-ի ծրագրի շրջանակներում (2020-2024 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 43,5 մլն դոլար: Ծրագրի ընթացքում կստեղծվի 150 նոր աշխատատեղ` ղեկավար անձնակազմի համար մոտ 240 000 դրամ, օպերացիոն անձնակազմի համար՝ 145 000 դրամ, իսկ տեխնիկական անձնակազմի համար՝ 180 000 դրամ միջին ամսական աշխատավարձերով: Ընկերությունն ունենալու է մոտ 15.08 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ԱՏԳ-ում: 

«ՅՈՒ-ՌՈԲՈՏ» ընկերության ծրագրի շրջանակներում (2020-2024 թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2,395 մլն դոլար: Ծրագրի ընթացքում կստեղծվի 17 նոր աշխատատեղ` մոտ 821 000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունը վարչական անձնակազմի համար ունենալու է մոտ 16 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում:

«ԷԿՈՍ» ԱՏԳ-ում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Share