Բաժին. Տնտեսական

Կառլեն Խաչատրյան. Եթե աշխարհում ստեղծված իրավիճակը 1.5-2 ամիս էլ ձգվեց, կարձանագրենք համաշխարհային տնտեսական անկում

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ քննարկել ենք նավթի գնանկման ու կորոնավիրուսի հնարավոր ազդեցությունը տնտեսության վրա: Մասնագետը նախ նկատում է՝ սկզբի համար ձևավորվում են բացասական սպասումներ, բայցհարկ է նշել նաև, որ էներգակիրների գնանկումը կարող է հանգեցնել որոշ ապրանքների ինքնարժեքի նվազման, ինչն, ըստ տնտեսագետի, այդքան էլ վատ չէ:

Նավթի գնի տատանումից հիմնականում կարող են տուժել նավթային տնտեսությունները. դրանք այն երկրներն են, որոնց տնտեսության համար նավթն առանցքային դեր ունի:

Փորձագետների լայն շրջանակի կարծիքով՝ էներգակիրների գնի տատանումները կորոնավիրուսի հետևանք են: Վարակը հասցրել է ախտահարել այնպիսի տնտեսություններ, ինչպիսիք են Չինասատնն ու Եվրոպան մեծ մասամբ: Խաչատրյանի կարծիքով՝ արդյունքում աշխարհն ավելի թույլ տնտեսական աճ կունենանք, քան ակնկալում էինք:

«Թեև մենք փոքր տնտեսություն ենք և համաշխարահային գլոբալ գործընթացներին փոքր մասնակցություն ունենք, բայց չի բացառվում, որ բացասական իմպուլսներ կունենանք: Եթե փորձենք մոտավոր հաշվարկներ անել, ապա իմ խորին համոզմամբ՝ մեր տնտեսությունը տնտեսական աճի առումով 1-1,5 տոկոսային կետով ավելի ցածր ցոււցանիշ կարձանագրի, քան ակնկալում էինք ունենալ», – ասում է Խաչատրյանն ու չի բացառում, որ աշխարհը կարող է կանգնել հերթական ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջ:

Share