Բաժին. Տնտեսական

Դավիթ Անանյանի ասուլիսը. տեսանյութ

Դավիթ Անանյանը կորոնավիրուսով պայմանավորված կանխատեսում է պետբյուջեի հարկային եկամուտների թերակատարում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կորանավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակում կանխատեսում է, որ պետբյուջեի հարկային եկամուտները կթերակատարվեն, սակայն վստահեցնում է` պետությունն ունի հնարավոր դժվարությունները մեղմելու բոլոր միջոցները: Անանյանը նման տեսակետ հայտնեց հրավիրված ասուլիսում` անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակում հարկերի հնարավոր թերահավաքման մասով ինչ քալեր են ձեռնարկելու, ինչպես է լրացնելու բացը:

«Հարկային հետաձգումներ չեն լինելու, լինելու է օժանդակություն այն ծրագրի շրջանակում, որի առաջին փուլի նախագիծն այսօր քննարկվել է կառավարությունում: Ինչ վերաբերում է հարկային եկամուտների կատարմանը կամ չկատարմանը, վարչապետը շատ ավելի գլոբալ խնդիրներ առաջ քաշեց իր ելութում և ասաց, որ երեկվա աշխարհը, երեկվա տնտեսությունն այլևս գոյություն չունեն: Եվ, եթե երեկվա աշխարհը գոյություն չունի, համաշխարհային տնտեսության մեջ ենթադրվում են վերափոխումներ, համաշխարհային մակարդակով ականատես ենք լինելու կոլափսների: Եվ այսօր լոկալիզացնել այս խնդիրը և առաջին հերթին խոսել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման կամ թերակատարման մասին, ես կարծում եմ, որ դա հիփոթետիկ հարց է: Այո, մենք ունենալու ենք պետական բյուջեի թերակատարում, բայց թե որքան, ես և ոչ ոք պատրաստ չէ այս պահին ասել»,-ասաց Անանյանը:

Նա վստահեցրեց` անում են ամեն ինչ, որ հարկային վարչարարությունը, հարկային վարքագիծը պահպանվի: Անանյանը շեշտեց` բոլոր զարգացումներին պատրաստ են: «Կան նաև ֆինանսական միջոցներ ներգրավելու թե աղբյուրներ, թե հնարավորություններ, որոնք կմեղմեն հարկաբյուջետային քաղաքականության՝ առաջիկայում սպասվող դժվարությունները»,-եզրափակեց նա:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է, որից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Share