Բաժին. Տնտեսական

Պարետը Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ է սահմանել

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ են սահմանվել: Հրապարակվել են ցանկեր, թե ինչ ապրանքներ կարող են փոխադրվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանից Իրան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, որոշման մեջ նշվում է, որ հավելվածով (կցվում է նկարի տեսքով) սահմանված առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։

Ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով. փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մաքսային հսկողության տարածքում, իսկ փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն համակարգվում և հսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները.

Որոշմամբ սահմանվում է նաև Ռուսաստանի Դաշնությունից կամ Վրաստանից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձի թույլատրումը Ռուսաստանի Դաշնություն կամ Վրաստան:

Share