Բաժին. Տնտեսական

Որո՞նք են COVID-19-ի պայմաններում ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության առաջնահերթությունները

ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի եւ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի քննարկման արդյունքները

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը քննարկել են մեր երկրում ՊԳԿ-ի կատարած աշխատանքի առաջնահերթությունները և տեսակետներ են փոխանակել COVID-19 համավարակի արդյունքում առաջացած դժվարին իրավիճակում համատեղ աշխատանքները արդյունավետ շարունակելու վերաբերյալ: Հասկանալի պատճառով քննարկումը կայացել է հեռահար տարբերակով: 

Կորոնավիրուս հիվանդության բռնկման հետ կապված աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով բազմաթիվ գործունեություններ ակամայից շեղվել են իրենց բնականոն ընթացքից:  Շատ երկրների կառավարություններ, ներառյալ Հայաստանը, համավարակին դիմակայելու նպատակով ժամանակավորապես փոխել են իրենց առաջնահերթությունները:

Փոխնախարար Խոջոյանը մասնակիցներին, որոնց մեջ էին նաև ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը և ՊԳԿ ազգային տնտեսագետ Վարդան Բարսեղյանը, հակիրճ ներկայացրեց երկրում տիրող ներկայիս իրավիճակը, որը, հիվանդության հաստատված աճող դեպքերի պատճառով դեռևս գտնվում է արտակարգ դրության մեջ: Խոջոյանը նաև իր տեսակետը հայտնեց ՊԳԿ-ՀՀ կառավարություն մակարդակում՝ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակում համագործակցության ակնկալվող փոփոխությունների վերաբերյալ:

Պարոն Խոջոյանը տեղեկացրեց, որ կառավարությունը մշակել է COVID-19-ին դիմակայելու գործողությունների փաթեթ՝ օգնելու տնտեսությանը, ներառյալ գյուղատնտեսական ոլորտին:  Ըստ նրա, պետք է վերանայվեն նաև գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, որոնք կներառեն որոշ գյուղատնտեսական գործունեությունների համար վարկերի սուբսիդավորումը, այն է՝ գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների լիզինգը, ջերմատների և ինտենսիվ այգիների հիմնումը, հակակարկտային ցանցերը, կաթիլային ոռոգման համակարգերը, ինչպես նաև անասնաբուծությունը: 

Նրա խոսքով, մեծ արտադրողներն արդեն իսկ զգում են COVID-19-ի ստեղծած խնդիրների ազդեցությունը, ինչը դեռևս չի կարելի ասել փոքր արտադրողների մասին: Ակնկալվում են փոփոխություններ գյուղատնտեսական արտադրության ցանկացած մակարդակում: Պետք է ակնկալել նաև ներմուծվող ներդրանքների գների աճ, օրինակ, սերմերի, պարարտանյութի դեպքում:

‹‹Ներկայումս կառավարությունը քննարկում է գների բարձրացման տարբեր սցենարներ: Քննարկվում են նաև տարբերակներ պարենային ապրանքների պակասի կամ ներդրանքների առկայության խնդիրների առաջացման դեպքերի համար››, ասաց Խոջոյանը:  ‹‹Կարող են խնդիրներ առաջանալ նաև կապված շուկաների հասանելիության հետ, որի պարագայում շուկայի դիվերսիֆիկացման անհրաժեշտություն կլինի, որն էլ իր հերթին կարող է նպաստել գյուղմթերքների արտահանմանը››:

ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն փոխնախարարին ներկայացրեց ՊԳԿ-ի իրականացրած միջոցառումները` աշխարհում համավարակի ազդեցությունը պարենի և գյուղտնտեսության վրա մեղմելու ուղղությամբ: Նա նաև տեղեկացրեց այն գործողությունների մասին, որ կազմակերպությունն իրականացնում է առավել խոցելի մարդկանց պարենային անվտանգությունն ու կենսապայմանները ապահովելու ուղղությամբ:

‹‹Մենք շեշտը կդնենք հիմնականում փոքր գյուղացիական տնտեսությունների վրա››, ասաց Ռայմունդ Յելեն: Նա կազմակերպության աջակցությունն առաջարկեց նախարարությանը՝ իրավիճակի արագ գնահատմանն ուղղված գործողություններում, համավարակի ազդեցությունները վերլուծելու և ոլորտին ուղղված նպատակային արձագանքելու համար:

ՊԳԿ ներկայացուցիչը նաև նշեց, որ կազմակերպության կողմից մշակված հետաղետային կարիքների գնահատման առցանց ծրագիրը կվերանայվի և կհարմարեցվի, որպեսզի հնարավոր լինի այն օգտագործել փոքր տնտեսությունների իրավիճակի վերաբերյալ համայնքներից տեղեկատվություն հավաքագրելու համար:  Կախված իրավիճակից, այն կծառայի որպես կանխատեսմանն ուղղված գործիք, ինչպես նաև որպես ազեցությանը հետևելու մեխանիզմ (թարմացնելով տեղեկատվությունը այնպիսի կարևոր պահերի համար, որոնք են՝ ցանքի ժամկետի ավարտը, բերքահավաքի ավարտը, և այլն):

Յելեն տեղեկացրեց, որ հնարավոր է նաև աջակցության տրամադրում կոոպերատիվների կարողությունների հզորացման, ինչպես նաև գյուղատնտեսության ու գյուղական վայրերի զարգացման ոլորտի քաղաքականության մշակման հարցում:

Եվ Խոջոյանը, և Յելեն հաստատեցին հետագա սերտ երկխոսության շարունակականության կարևորությունը՝ նախարարությանը և ՀՀ գյուղատնտեսության ոլորտին համարժեք և ժամանակին արձագանքելու համար:

Share