Բաժին. Տնտեսական

Հայկ Մելքոնյանը՝ գյուղոլորտի հնարավորությունների, առաջարկվող անտոկոս վարկերի մասին

Գյուղատնտես Հայկ Մելքոնյանի հետ զրուցել ենք կորոնավիրուսի՝ գյուղատնտեսությանը հասցրած վնասների և նոր հնարավորությունների մասին:

Հայկ Մելքոնյանը կարծում է, որ գյուղատնտեսությունը համեմատաբար քիչ վնաս կրած ճյուղ է, քանի որ գյուղատնտեսական սեզոնը նոր է բացվում: Մինչ այս հիմնական վնասը կրել են ջերմատները, որոնք իրացման ենթակա արտադրանք ունեին, բայց հանգամանքների բերումով, որոշ մթերքների մատակարարումն անիմստ դարձավ. ժամանակավորապես փակ են ռեստորանները, հանրային սննդի կետերը, հյուրատները և այլն: Միրգ-բանջարեղենի գնաճն, ըստ գյուղատնտեսի, նախևառաջ սեզոնային բնույթ ունի. ամեն տարի գարնանը բանջարաբոստանային մթերքների գնաճի արձանագրվում, քանի որ դեռ սեզոնը չէ, շուկայում էլ առաջարկը շատ չէ: Փոխարենը Մելքոնյանը նկատում է՝ խոզի մսի գնանկում կա, պատճառն այս դեպքում կարանտինային միջոցառումներն են, քանի որ մսավաճառը զրկված է միսը սննդի կետերին ու հյուրատների մատակարարելու հնարավորությունից, ուստի շուկայում արձանագրվել է գնի նվազում:

Գյուղատնտեսը պարենային ճգնաժամի հնարավորությունը չի բացառում: Նկատում է՝ հացահատիկի, մասնավորապես ցորենի առումով Հայաստանն ինքնաբավ չէ, իսկ հիմա միջպետական բեռնափոխադրման ոլորտում էլ կան խնդիրներ, ուստի եթե չսկսենք տեղում լծվել հացահատիկի արտադրությանը, ապա այս մասով պարենային ճգնաժամի առաջ կկանգնենք:

Հայկ Մելքոնյանից փորձեցինք ճշտել նաև, թե որքանով են իրատեսական ու արդյունավետ գյուղօգնության փաթեթները, որոնք այս օրերին առաջարկում է կառավարությունը.

«Որքանով տեղյակ եմ, վարկային մատչելի միջոցներ են առաջարկում, բայց այստեղ չկա հստակ դիրքորոշում, թե ինչ ենք ուզում մենք զարգացնել, որն է առաջնահերթ: Շատ լավ, վերցնեմ անտոկոս վարկ, բայց ինչ ցանեմ՝ ցորեն, հնդկացորեն, սիսեռ, թե ոսպ: Ոչ մի հստակ մշակված պլան ու ուղղորդում չկա, թե ճիշտ կլինի այս շրջանում ցանել այս քանակի այսինչ մշակաբույսը, որ կարողանանք երկրի պարենային խնդիրները լուծել: Ունենք տնտեսական խթանմանն ուղղված անանուն, անհասցե, ընդհանրական ինչ-որ քայլեր, բայց թիրախային ոչինչ չի արվում: Ճիշտ կլինի՝ կառավարությունը թիրախավորված, հաշվարկված ու լավ մտածված միջոցառումներ իրականացնի, որ հետո նորից չկարգնենք գերարտադրության խնդրին, որ ամբողջ գյուղը նույնը չարտադրի ու արդյունքում մթերքի գինը շոիկայում այնքան ընկնի, որ նույնիսկ անիմաստ լինի բերքը հավաքել, որովհետև արված ծախսը չի փակվում նույնիսկ: Ուստի ճիշտ կլինի թիրախավորված ու ուղղորդված գյուղատնտեսական քաղաքականություն վարի կառավարությունը: Այն, ինչ հիմա է արվում, անհասցե ու անդեմ, ընդհանուր դաշտին ուղղված քայլեր են, որոնց արդյունավետության առումով ես հոռետես եմ», – ասում է գյուղատնտեսն ու նկատում՝ կորոնավիրուսը գյուղատնտեսության ոլորտին զարգանալու հնարավորություն է տալիս, եթե կառավարությունն արդյունավետ ու հասցեական քայլեր ձեռնարկի, հնարավոր կլինի և պարենային անվտանգության հարց լուծել, և քայլառաջ ունենալ:

Երկիրը պահողն ու ժողովրդին կերակրողը գյուղացին է, բայց Մելքոնյանն առաջարկում է նկատի ունենալ, որ գյուղացին դեռ գյուղատնտես չէ, ուստի գյուղատնտեսության ոլորտը ճիշտ համակարգման ու ուղղորդման կարիք ունի:

Share