Բաժին. Տնտեսական

Կառավարությունը կփոխհատուցի առնվազն 280 հազար բաժանորդի գազի և էլեկտրաէներգիայի ծախսը

ՀՀ կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումից օգտվելու է առնվազն 280 հազար բաժանորդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս ծրագրից օգտվելու է առնվազն 280 հազար բաժանորդ: 30%-ի չափով աջակցություն կտրամադրվի այն բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝ բնական գազի սպառում՝ 10․001 – 30․000 դրամ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000 դրամ ներառյալ»,- գրել է վարչապետը։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 12 միջոցառում է հաստատել։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ այս օրերին կասեցվել է մի շարք ընկերությունների և կառույցների գործունեությունը։

Share