Բաժին. Տնտեսական

Գործադիրն ավելի քան 200 ձեռնարկատիրոջ և մասնավոր առևտրային կազմակերպության կտրամադրի աջակցություն

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման հայտերի թիվն անցել է 200-ի շեմը և օրեցօր դրանք ավելանում են։

Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

«1-ին միջոցառումը նախատեսված է ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն ծավալած ցանկացած մասնավոր առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատերի համար, որոնք ունեն բարվոք վարկային և հարկային պատմություն։ Նրանց հնարավորություն է տրվում օգտվել պետական օժանդակության 3 ձևերից՝ նպատակային վարկերի համաֆինանսավորում, վերաֆինանսավորում կամ սուբսիդավորում։ Մենք ամեն օր ստանում ենք նոր հայտեր և բավարարում ենք դրանց մեծ մասը։ Այս միջոցառումով մենք նկատակ ունենք թիրախավորել ՀՀ տնտեսության մեջ կայունության հենասյուները»,- նշեց Ավանեսյանը։

Օժանդակությունը կիրառելի է հետևյալ 6 նպատակների համար՝ աշխատակիցներին աշխատավարձի վճարում, հարկերի և տուրքերի վճարում, հումքի գնում կամ ներմուծում, սարքերի և սարքավորումների ներմուծում, ծառայությունների վճարումներ, սննդի ներմուծում։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար գործարկել է 12 միջոցառում։

Share